«Ընտրատարածքային հանձնաժողովը կառավարության նախաձեռնությամբ կայացրել է արձանագրություն, իմանալու համար, թե համայնքներում բնակչության քանի տոկոսն է աջակցում համայնքային խոշորացման հանրաքվեներին, և այդ արձանագրություններն էլ ընդհանրացված չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Ըստ բանախոսի, հանրաքվեները համայնքներում անցկացվել են լավագույն պայմաններով, և ոչ մի հակաքարոզչություն չի եղել: Նաև ավելացրեց, որ խոշորացման արդյունքնում միջհամայնքային ճանապարհները դառնալու են ներհամայնքային:
Մեր այն հարցին, թե ինչ դրական ազդեցություն է ունենալու համայնքային խոշորացումը միմյանցից հեռու գտնվող համայնքներում, բնակչությունը ինչ ակնկալիք ունենա, և ինչ է առաջարկում կառավարությունը, բանախոսը պատասխանեց.

«Չեմ պատասխանի կառավարության փոխարեն, սակայն այդ հարցը ինձ էլ է անհանգստացնում և հուզում: Սակայն մեկ բան ակնհայտ է. հիմնական խնդիրը Հայաստանում ապատեղեկատվությունն»:

Բանախոսի խոսքով, եթե կառավարությունը գտնում է, որ համայնքային խոշորացումը դրական արդյունք է տալու, ապա պետք է հաշվի առնի հանրության կարծիքը, օգնի և աջակցի նրանց, քանի որ նրանք փոփոխության կարիք ունեն` ավելացնելով` «Մարդկանց կարծիքն իմանալու համար, պետք չէ գումար խնայել»: