Այսօր մամուլի ասուլիսին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը անդրադառնալով ծխելու դեմ պայքարին, նշեց, որ 90-ական թվականներին հասուն տղամարդկանց 75 տոկոսը ծխող էր և ծխում էին օրական միջինը 10 գլանակ: «Ընտանեկան բյուջեի 8-9 տոկոսը ծխախոտի վրա է ծախսվում»,- ասաց նա:

Ըստ սոցիոլոգի հիմնականում պատանիների ծխելուն նպաստում է շրջապատը, ինքնահաստատումը: «Կա ծխելու ժառանգվածություն, կենսաբանական վիճակ և միջավայր»,- ասաց նա:

Վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը նշեց, որ ծխելը չարիք է և ծխելը նաև մարդու ինտելեկտի է հետ է կապված: «Օրական երկու տուփ ծխող մարդու մոտ թոքի քաղցկեղի հավանականությունը 20 տոկոսից ավելի է»,- ասաց նա և առավել վնասակար համարեց, երբ մարդն ուտելուց հետ ծխելու սովորություն ունի:

«Ծխելը թողնելու առաջին պայմանը կամքի ուժն է»,-ասաց նա և նշեց, որ հիմա նկատվում է ծխող երիտասարդ կանանց թվի ավելացում:

Բժիշկ-ռադիոլոգ Գայանե Հովակիմյանը նշեց, որ իրեն դիմող երիտասարդ կանացից կեսից ավելին ծխում է, նույնիսկ հղիության կամ կերակրման ընթացքում չեն դադարում ծխել: