Երևանի պետական համալսարանում 53 մասնագիտությունների գծով այս պահի դրությամբ կա 1900 դիմորդ, 344 անվճար, 3046 վճարովի տեղեր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Ըստ Գալստյանի՝ թեև որոշ ֆակուլտետներում կան բավականաչափ դիմորդներ, սակայն կան մասնագիտություններ, որտեղ դիմորդների թիվը բավականին ցածր է, մասնավորապես վատ վիճակում է մաթեմատիկա մասնագիտությունը, որտեղ կա 19 անվճար և 50 վճարովի տեղ, թեև առաջին հայտով եղել է 13 դիմորդ:

Նա ասաց, որ քիչ դիմումներ կան նաև կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, դեղագործություն, արվեստաբանություն, մշակաբանություն, թարգմանչական գործ՝ գերմաներեն և հայերեն, իրանագիտություն, եկեղեցաբանություն մասնագիտություններում:

Ինչ վերաբերում է պահանջված մասնագիտություններին, ասաց, որ պահանջարկը մշտապես կարողանում են ապահովել իրավագիտություն, լրագրություն, հանրային կառավարում, ֆակուլտետներում, անգլերեն լեզվով երեք մասնագիտություններում: