Այսօր՝ մայիսի 26-ին, Ավարայրի ճակատամարտի հաղթանակի օրն է: Ավարայր գյուղի մոտ 451 թվականին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որն էլ անվանվեց «Ավարայրի»։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ 

Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը։ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին ՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ։

«Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում։

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։