«Տաքսիների և տաքսիստների խնդրին սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ նաև հասարակական կազմակերպությունները: Դրանցից մեկը մայիսի 1-ին գրություն է ուղարկում` տեխզննում և բուժզննում անցկացնելու վերաբերյալ, իսկ հետո կարծիքը փոխում է և ետ կանգնում իր խոսքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահ Գևորգ Դոստուրյանը:

Գևորգ Դոստուրյանի խոսքով` այժմյան օրենքը համապատասխանում է տաքսիստների` պարոն Բեգլարյանին արված խնդրանքին: Կան որոշակի պահանջներ, որոնք պետք է վերանայել, սակայն ամբողջությամբ օրենք փոխել պետք չէ:

«Օրենքը կարծես հրավեր լինի տաքսիստներին` ունենան հաշվիչ սարքեր և ամսեկան վճարեն հասանելի գումարը: Նոր հեծանիվ հորինելու կարիք չկա: Հենց այս օրենքի հետևանքն է, որ Երևանում 30.000-35.000 տաքսիներ կան»,- ասում է Գևորգ Դոստուրյանը:

Yerevannews.am-ի այն հարցին, թե բանախոսը ի՞նչ լուծում է առաջարկում այս խնդրի վերաբերյալ, նա պատասխանեց. «Այս խնդրի առնչությամբ նախարարությունը պետք է հետևողական քայլեր տանի: Սահմանափակի տաքսիների թիվը` լիցենզիա տրամադրելով: Դա է միակ լուծումը»: