Հուլիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում կմեկնարկի ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը: Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը համախմբում է ոչ միայն ձմերուկի սիրահար երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, այլև ուրախ խաղերի և տարաբնույթ մրցույթների սիրահարներին: Փառատոնի շրջանակում կազմակերպված համերգին ելույթ կունենան հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր, ելույթներից զատ, տոնախմբության մասնակիցներին ձմերուկ կհյուրասիրեն: Այս տարի նույնպես սպասարկման ոլորտի տարբեր ընկերություններ կներկայացնեն ձմերուկի ձևավորման իրենց ինքնատիպ տարբերակները: Երևանի քաղաքապետարանը փառատոնի կազմակերպման աջակից ընկերությունների հետ մրցանակներ և նվերներ է պատրաստել ակտիվ, ինչպես նաև ինքնատիպ մասնակիցների համար: Նվերներ կստանան նաև փառատոնին ամենամեծ և ամենափոքր ձմերուկները ներկայացրած մասնակիցները: