Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ է թաքցնում ձեր ենթագիտակցությունը: Այդ դեպքում ձեզ առաջարկում ենք հինգրոպեանոց խաղ, որի հիմքում երեւակայությանը ազատություն տալու կարողությունն է:

Պատկերացրեք մի անապատ (այնքան հսկայական, որքան հնարավոր է պատկերացնել): Այդ անապատում մի խորանարդ կա:

1-ին առաջադրանք

Ձեր առաջին առաջադրանքն է նկարագրել այդ խորանարդը: Ինչի՞ նման է այն: Ինչքա՞ն մեծ է: Ինչի՞ց է պատրաստված այդ խորանարդը: Որտե՞ղ է գտնվում: Այս հարցերին ճիշտ կամ սխալ պատասխաններ չկան, միայն ձեր սեփական մտքերն են կարևոր: Պատկերացնելուն մեկ րոպե ժամանակ տրամադրեք՝ մանրամասները շատ կարեւոր են:

2-րդ առաջադրանք

Եվ այսպես, դուք գտնվում եք անապատում, տեսնում եք խորանարդը, նաեւ նկատում եք, որ այնտեղ աստիճան կա: Ձեր երկրորդ առաջադրանքն է (դրանց ընդհանուր թիվը հինգն է) նկարագրել այս աստիճանը: Ինչի՞ց է այն պատրաստված: Ի՞նչ երկարություն ունի: Խորանարդի նկատմամբ ի՞նչ դիրքում է այն գտնվում:

3-րդ առաջադրանք

Հիմա պատկերացրեք, որ անապատում ձի կա: Ձեր երրորդ առաջադրանքն է նկարագրել այդ ձիուն: Ամենակարեւորը՝ ձեզանից ի՞նչ հեռավորության վրա է ձին, ի՞նչ է այն անում: Ի՞նչ ուղղությամբ է շարժվում: Ի՞նչ տեսք ունի:

4-րդ առաջադրանք

Մի քիչ համբերություն, դուք գրեթե մոտեցել եք ձեր նպատակին: Հետո արդեն պատկերացրեք , որ անապատում, ուղիղ ձեր ոտքերի առաջ դուք շատ ծաղիկներ եք տեսնում: Ձեր նախավերջին առաջադրանքն է նկարագրել այդ ծաղիկները: Քանի՞սն են դրանք: Որտե՞ղ են դրանք աճում: Ի՞նչ տեսք ունեն: Ի՞նչ դիրք են զբաղեցնում ձիու, խորանարդի, աստիճանի ու ավազի նկատմամբ:

5-րդ առաջադրանք

Եվ եզրափակիչ հարցը: Անապատում, որտեղ դուք գտնվում եք, ամպրոպ է: Նկարագրեք այն: Ի՞նչ տեսակի ամպրոպ է: Քամին ուժե՞ղ է: Արդյո՞ք ավազը բարձրացնում է: Ձեր կողքի՞ն է, թե՞ հեռու: Ի՞նչ ուղղությամբ է: Ամպրոպը որեւէ կերպ ազդո՞ւմ է ձիու, ծաղիկների, խորանարդի կամ աստիճանի վրա:

Եթե դուք այս խաղը ազնիվ եք խաղացել, ապա ստացված պատասխանները ձեզ կվարճացնեն: Բայց չափից լուրջ մի վերաբերվեք դրանց: Ամեն դեպքում ես պետք է նախազգուշացնեմ ձեզ. հաջորդ մասը կարող է իսպառ վերացնել այս խաղը երբեւէ նորից խաղալու ձեր ցանկությունը: Եթե դուք պատրաստ չեք իմանալ, թե հատկապես ինչ է թաքցնում ձեր ենթագիտակցությունը, խորհուրդ ենք տալիս ձեզ հենց հիմա կանգ առնել:

Դե ի՞նչ, պատրա՞ստ եք: Հետդարձի ճանապարհ չկա

Եվ այսպես, եկեք հասկանանք, թե ինչ են իրենցից ներկայացնում այս խորհրդանիշները

Խորանարդը ձեր էգոն է

Այդ խորանարդի չափը ձեր սեփական «եսն» է . մեծ խորանարդը նշանակում է, որ դուք չափազանց ինքնավստահ մարդ ես, որն ունակ է կազմակերպել իր բիզնեսը, լինել լավ ղեկավար, ու եթե պետք է տոնին կենաց ասել, դուք հաճույքով կդրսեւորեք ձեր հռետորային ունակությունները:

Եթե ձեր խորանարդը փոքր է, ապա ամենայն հավանականությամբ դուք շատ փխրուն ու համեստ մարդ եք: Դուք ամաչկոտ եք, ու դժվար թե ձեզ դուր գա, որ ձեզ վրա ուշադրություն դարձնեն աղմկոտ հավաքույթներում, եւ եթե ձեզ առաջարկեն կենաց ասել, ապա դուք բազմաթիվ պատճառներ կգտնեք հրաժարվելու համար ու նույնիսկ կնախընտրեք հեռանալ: Բայց չարժե այդքան վախենալ կենաց ասելուց ու առհասարակ հավաքույթներում ուշադրության կենտրոնում լինելուց, չէ՞ որ շատ մեծ է հավանականությունը, որ եթե ձեզ ինչ-որ տոնակատարության հրավիրեն, դուք պարզապես կնախընտրեք չգնալ:

Գետնի նկատմամբ խորանարդի դիրքը խորհրդանշումէ կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը: Այն հենված է ավազի՞ն: Ուրեմն դուք հաստատ շատ «երկրային» ու իրատեսական մարդ եք: Օդո՞ւմ է կախված: Ուրեմն դուք, ամենայն հավանականությամբ, շատ թեթեւ ու լավատես մարդ եք, որը սիրում է սավառնել օդերում:

Խորանարդի նյութը փոխանցում է, թե որքանով եք դուք բաց ուրիշների համար .թափանցիկ խորանարդը խորհրդանշում է բաց ու անկեղծ մարդկանց, անթափանց խորանարդը ցույց է տալիս, որ դուք ինչ- որ բան եք թաքցնում, կամ էլ չեք ուզում քննարկումների առարկա դառնալ: Խորանարդը լո՞ւյս է արձակում: Դուք դրական ու ուրախ մարդ եք, որը ձգտում է բարձրացնել շրջապատի բոլոր մարդկանց տրամադրությունը: Այն գրանիտի՞ց է պատրաստված: Դուք հավանաբար ձգտում եք պաշտպանել ինքներդ ձեզ արտաքին բացասական գործոններից ու ուզում եք մարդկանց հետ ամուր հարաբերություններ պահպանել: Այս թեստի իմաստն այն է, որ երբ ձեզ խնդրում են նկարագրել դատարկ ու վերացական առարկա՝ տվյալ դեպքում խորանարդ, ձեր երեւակայությունը հակված է խորանարդի վրա պրոյեկտել իր սեփական «եսը»: Այս օրինակը աշխարհի չափ հին է, բայց տվյալ դեպքում այն ավելի հետաքրքիր ու հասկանալի կողմից է ներկայացված:

Աստիճանը ձեր ընկերներն են

Հիշեք, թե ինչ դիրք էր աստիճանը զբաղեցնում խորանարդի նկատմամբ: Այն հենվա՞ծ էր խորանարդին, թե՞ ոչ: Եթե հենված է, ապա դուք գիտեք, որ ձեր ընկերներն ու մտերիմները միշտ կարող են հույսները դնել ձեր ու ձեր օգնության վրա: Եթե ոչ, եթե այն ավազի վրա է ընկած, ուրեմն դուք հազվադեպ եք օգնություն խնդրում ձեր մտերիմներից, քանի որ ինքներդ էլ պատրաստ չեք այն առաջարկել: Աստիճանը հուսալի՞ է, թե՞ հին ու կոտրված: Բա՞րձր է, թե՞ ցածր: Լա՞յն, թե՞ նեղ: Իմանալով այն հարցի պատասխանը, թե ինչ է նշանակում աստիճանը, հիմա դուք կարող եք ինքնուրույն եզրակացություններ անել ինքներդ ձեր ու ձեր ընկերների մասին: Բայց չափից լուրջ մի վերաբերվեք ու մի հիասթափվեք, եթե ձեր երեւակայությունն այդքան էլ «ճիշտ» կերպարներ չի ուրվագծել, մի մոռացեք, որ տվյալ թեստում ամեն ինչ հարաբերական է:

Ձին ձեր զուգընկերն է

Ձիու տեսակը կարող է շատ բան պատմել այն մասին,թե ինչ հատկանիշներ եք ուզում տեսնել ձեր զուգընկերոջ մեջ: Ոմանք պատկերացնում են դիմացկուն, շագանակագույն,լավ ծառայող ձիու, մյուսները՝ գեղեցիկ ու փայլուն բաշով Պեգասի կամ միաեղջյորր նժույգի: Թե ինչպես եք ընկալում ձեր զուգընկերոջը՝ դուք կհասկանաք՝ վերլուծելով ձիու վերաբերյալ ձեր պատկերացումները:

Եթե ձին իր բաշով քսվում է խորանարդին, կամ էլ ուզում է հենվել դրան, ուրեմն ամենայն հավանականությամբ դուք եւ ձեր ընտրյալը ջերմ ու վստահալի հարաբերություններ ունեք: Ձին հեռո՞ւ է խորանարդից կամ էլ հեռանո՞ւմ է դրանից: Դուք հավանաբար չեք վստահում ձեր զուգընկերոջը կամ էլ ձեզ թվում է, թե նա ձեզ հետ բավականաչափ ազնիվ չէ:

Ծաղիկները ձեր երեխաներն են

Ծաղիկների քանակը ցույց է տալիս, արդյոք դուք ուզում եք շատ երեխաներ ունենալ կամ շրջապատված լինել նրանցով: Ոմանք տեսնում են միայն մեկ չորացած երիցուկ, իսկ մյուսները վառ ու ծաղկող այգի, որն իր մեջ է ներառում եւ խորանարդը եւ անապատը( այդ դեպքում զգուշացեք, որ երեխաները ձեզ չսկսեն շահագործել)

Ծաղիկների գույնն ու կենսունակությունը կարող են պատմել երեխաների առողջության ու բարգավաճման մասին: Ծաղիկների դիրքը՝ մասնավորապես խորանարդի նկատմամբ, կարող է հուշել ձեր ու ձեր երեխաների փոխհարաբերությունների մասին: Մի անգամ ես այս թեստն անց էի կացնում մի կնոջ հետ, որի երեւակայության մեջ ձին ուտում էր ծաղիկները...

Ամպրոպը ձեր մտավախություններն են

Ամպրոպը խորհրդանշում է ձեզ ու ձեր կյանքին սպառնացող վտանգները ու ձեր մտավախությունները: Այն բացահայտում է մարդու հոգեվիճակը,ցույց տալիս, թե ինչպես է նա արձագանքում իր կյանքին սպառնացող վտանգներին: Ոմանք ամպրոպը տեսնում են հեռվում՝ հորիզոնի վրա, որտեղ այն աստիճանաբար անհետանում է: Մյուսները իրենց պատկերացնում են ապրոպային ապոկալիպսիսի կենտրոնում, տեսնում են թենիսի գնդակի չափ կարկուտ, որը հարվածում է խորանարդին ու խեղճ ձիուն: Ամենայն հավանականությամբ այդ մարդկանց մոտ շատ են կուտակված վիրավորանքները, հոգեկան վերքերը, որոնք ըստ երեւույթին խանգարում են նրան ապրել:

Այս թեստին թեթեւ վերաբերվեք ու մի մոռացեք, որ սա ընդամենը խաղ է: Սա լուրջ գիտահոգեբանական հետազոտություն չէ, որին պետք է լուրջ վերաբերվել: Բայցեւայնպես կարծում եմ, որ այն ձեզ մտածելու թեմա կտա: