ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը 2008 թ. հունիսի 11-ից, զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել եւ համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափով գումար` ավելի քան 44 միլիոն դրամ:

Բացի դրանից՝ Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Ապրիլի 23-ին ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը։ Քննարկվում էր նախկին պաշտոնյային Հայաստանին արտահանձնելու հարցը։