Նոյեմբերի 26-ին Արեւիկ գյուղի ճանապարհին վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչը ինքնաձիգով կրակել է քաղաքացու ոտքին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նոյեմբերի 26-ին ժամը 12։20-ի սահմաններում «Արմավիր» ԲԿ-ից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սաղաթել Վարդանյանն է։

Ժամը 12։00-ի սահմաններում Արեւիկ գյուղից դեպի Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան հատվածում վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պետրոսյանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45 մմ տ/չ ինքնաձիգով կրակել է Ս. Վարդանյանի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանները պարզել են նաեւ, որ Ս. Վարդանյանի հետ դեպքի վայր եկած կողմնակիցներ՝ Ալաշկերտ գյուղի բնակիչներ, 37-ամյա Կարեն Վարդանյանը, 36-ամյա Սեթ Վարդանյանը, 60-ամյա Սմբատ Վարդանյանը, 48-ամյա Արթուր Վարդանյանը եւ 37-ամյա Բաղդասար Բաղդասարյանը վիճաբանել են Ա. Պետրոսյանի հետ եկած Ալաշկերտ գյուղի բնակիչներ՝ 48-ամյա Արթուր Հարությունյանի, 26-ամյա Հակոբ Սահակյանի, 40-ամյա Ռոման Սարգսյանի եւ 34-ամյա Երեմ Հարությունյանի հետ։

Ոստիկանները պարզել են նաեւ, որ վիճաբանությանը ականատես է եղել ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի աշխատակից, ոստիկանության սերժանտը, ով դեպքից անմիջապես հետո դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություն է հայտնել իր վերադասին, որ Սեդրակ Վարդանյանը, ում ամբողջական տվյալները պարզում են, եւ Բոնդո Վարդանյանը, ում ամբողջական տվյալները պարզում են, մահակներով կոտրել են Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին եւ կողային ապակին։ Հայտնաբերվել է 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ա/մ-ի կոտրված ապակիներ եւ արյան հետքեր:

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՔՕ-ի 112 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի եւ 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։