Պյատիգորսկում զոհված Երեւանի ոստիկանության նախկին պետ Աշոտ Կարապետյանը, պարզվել է, Պյատիգորսկում գարեջրի այն գործարանի սեփականատերն էր, որտեղ պայթյուն եւ հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով աղբյուրին։

«Աշխատանքից ազատվելուց հետո Կարապետյանը մեկնել է Ռուսաստան, որտեղ հիմնադրել է իր բիզնեսը։ Այսօր դժբախտ պատահարի հետեւանքով նա զոհվել է։ Երկրորդ զոհվածը նրա քեռին է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ պայթյունը գարեջուր պատրաստելիս չի եղել։ «Գործարանն ինքը ներսից վնասված չէ, այլ գործարանի հետեւում վարչական շենքը, որտեղ նրանք եղել են։ Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է»,- ասել են գարեջրի գործարանում։

Կարապետյանը Երեւանի ոստիկանությունը ղեկավարել է 2013-2016թթ․։ Նա հեռացվել էր 2016թ․ հուլիսին ոստիկանության պարեկապահակային ջոկատի տարածքը «Սասնա ծռերի» կողմից գրավվելուց հետո։

Մինչեւ հեռացնելը նրան կարգապահական պատասխանատվության էին ենթարկել «Սասնա ծռերին» աջակցող ցույցը ցրելու ժամանակ խախտումներ թույլ տալու համար։ Նա նաեւ որպես վկա էր անցնում 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի շրջանակներում։

«ԲՊ Սյուրպրիզ» գարեջրի մասնավոր գործարանում պայթյունը եւ հրդեհը տեղի են ունեցել այսօր վաղ առավոտյան։ Տուժել է տնտեսական կառույցը։ Այնտեղ գտել են երկու դիակ։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ աշխատանքի պահպանման պահանջները խախտելու մասին, որը հանգեցրել է երկու մարդու մահվան։ Ստավրոպոլի մարզի ՔԿ վարչությունում հաստատել են, որ մահացածներից մեկը Կարապետյանն է՝ Երեւանի նախկին ոստիկանապետը։