ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ հույս ունե՞ք, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կձերբակալվի ու կկալանավորվի, ասել է. «Մեր գործը հույս ունենալով չի, կան սահմանված ընթացակարգեր: Գիտեք՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշումներ կայացնում, թեև այդ սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ... Ոչ, կապ չեմ հաստատել Կոստանյանի հետ, որքան գիտեմ՝ քննիչն է կապ հաստատել»:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները՝ մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Լրագրողները հետաքրքրվել են՝ քննարկե՞լ են հարցը. «Դեռևս չենք քննարկել»,- ասել է գլխավոր դատախազը:

«Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չի, որ վերացվել է, բայց էդ առումով շարունակում ենք քննարկումները մեր ռուս գործընկերների հետ: Չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ ունենանք ու, հանցանքի ծանրությամբ պայմանավորված, հույս ունենք, որ մեր գործընկերներն իրավական ու արդարացի մոտեցում կցուցաբերեն»,- անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցի վերացմանը, ասել է Արթուր Դավթյանը: Հարցին՝ հիմա բավարա՞ր ծանր չէ, որ ՌԴ-ն արտահանձնի, նշել է. «Ծանր հանցագործություն է, իսկ բավարար է, թե ոչ, դրա մասին ասել ենք: Քրգործի քննությունն ակտիվ շարունակվում է, նոր դրվագների դեպքում, մեր գործընկերների հետ շփումները շարունակելու ենք»: