Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած BMW մակնիշի 01 XX 099 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի աջակողմյան ձորակում՝ ծառերի մեջ:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 43-ամյա Կարինե Ս.-ն, 34-ամյա Արթուր Խ.-ն, 30-ամյա Հարություն Խ.-ն և 46-ամյա Մարինե Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է անվադողերի ոչ ձմեռային լինելը: