Համայնքանպաստ գործունեությունը շարունակական է…

Արմավիրի մարզի Մերձավան համայնքը բավականին հայտնի և խոշոր համայնք է և ունի մեծ դպրոց, որտեղ սովորում մոտ 400-ից ավելի աշակերտ: Եվ որքան էլ ապահովված և բարվոք լինի դպրոցի վիճակը, աստվածահաճո գործ է կրթությանը ուղղված ցանկացած քայլ, առավելապես, եթե այն միտված է երեխաների համար լավ պայմաններ ստեղծելուն: Նման կրթանպաստ գործունեություն է իրականացվել վերջերս, որը մեծ բավականություն է պարգևել դպրոցի աշակերտությանը:

Գյուղի բնակչության համար նորույթ չէ Ախտոյան ընտանիքի՝ մասնավորապես Մհեր և Դավիթ Ախտոյանների գործունեությունը, նախաձեռնած անշահախնդիր միջոցառումները՝ ի նպաստ գյուղի ու բնակիչների, ինչի մասին կփաստի նաև յուրաքանչյուր բնակիչ: Տարիներ շարունակ իրար հաջորդող տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել և ահա հերթը դպրոցինն էր, մի դպրոց որտեղ սովորել են թե՛ իրենց ծնողները, թե՛ իրենք, կսովորեն նաև իրենց երեխաները, քանի որ արմատապես կապված են իրենց համայնքին ու բնակչությանը:

Նրանց սրտացավ վերաբերմունքի, հետևողական աշխատանքի, ինչպես նաև ֆինասնավորմամբ հիմնովին նորոգվել է դպրոցի մի քանի դասասենյակ՝ սկսած պատուհաններից , վերջացրած մնացյալ այլ խնդիրներով, ամբողջովին բարեկարգվել է գրադարանը, որը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել նաև որոշ դասասենյակներում ևս:

<<Շարունակական բնույթ կրող գործ ենք սկսել, որը նաև հաճելի է գյուղացիներին, դպրոցն իսկապես գյուղի այցեքարտն է, իսկ մենք ուզում ենք, որ մեր գյուղի երեխաները լավ պայմաններում ստանան իրենց կրթությունը, դառնան լավ մարդ ու գործեն ի նպաստ մեր երկրի ու հատկապես մեր համայնքի>>,- մեզ հետ զրույցում նշեց Դ. Ախտոյանը, ով նշենք նաև, որ ավագանու անդամ է:

Հաջողություն մաղթենք նրանց և հուսանք, որ շատ համայնքներում ևս տեղի բնակիչներից շատերը նույն սրտացավությամբ կմոտենան իրենց դպրոցին ու համայնքին: