Եվգենի Ժիլյաեւը չէր էլ կարող պատկերացնել, որ Մոսկվայում ուսանողական կյանքը կարող է ընդհատվել որոշ ժամանակով, եւ ինքը որպես փրկարար կհայտնվի հեռավոր Հայաստանում՝ Սպիտակ քաղաքում, որն ավերվել էր 1988թ.-ի աղետալի երկրաշարժի ժամանակ:

Ռուս երիտասարդն ընկերների հետ մասնակցել է փրկարարական աշխատանքներին, ծանր ապրումներ է ունեցել, ինչպես նշել է ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անգամ գիշերել են փողոցներում շարված դագաղների մեջ, վարակներից զերծ մնալու համար սնվել են կալիումի պերմանգանատով «համեմված» ուտելիքով:

Եվգենի Ժիլյաեւը, վերադառնալով Ռուսաստան, իր լուսանկարների հավաքածուն ներկայացրել է հայրենակիցներին, որպեսզի մարդիկ տեսնեն եւ պատկերացնեն Հայաստանում տեղի ունեցած աղետի ծավալները, մարդկային ողբերգությունն ու ապրելու, պայքարելու ձգտումը: