ՀՆԱ-ի համեմատ Հայաստանի պետական պարտքի ծավալն այս տարվա վերջին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի կանախատեսվել էր, iսկ 2020-ին վերջում կառավարության պարտքի ծավալը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կկազմի 48,2%․ այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՆ-ի հետ համեմատ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով՝ երկու պատճառով: Նախ առաջանցիկ տեմպով աճում է երկրի ՀՆԱ-ն, որն այս տարվա տասն ամիսների կտրվածքով կազմում է շուրջ 7 տոկոս, մյուս կողմից կրճատվում է վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցուցանիշը:

Այժմ համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,1 մլրդ դոլար, որից 514 մլն դոլարը Կենտրնական բանկի պարտքն է, իսկ 6,6 մլրդ-ը՝ կառավարության պարտքը: Վերջինիս կառուցվածքում 1,5 մլրդ դոլարը ներքին պատրքի մասնաբաժինն է, իսկ 5,1 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքը:

Ֆինանսների նախարարության աշխատակիցները մանրամասնեցին՝ կանխատեսվում է, որ տարեվերջին կառավարության պարտքը կկազմի 6,5 մլրդ դոլար` իջնելով ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսի շեմից ներքև: Այն կկազմի 49,6% ՀՆԱ-ի համեմատ: 2020-ի վերջին կառավարության պարտքը կհասնի 7,1 մլրդ դոլարի, սակայն ՀՆԱ-ի համեմատ այն կնվազի մինչև 48,2%:

Այդ ցուցանիշին, ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման, պետք է հասնեին 2023-ին, սակայն այժմ կրճատումը տեղի է ունենում ավելի արագ տեմպով: «Այժմ որևէ մեկը չի խոսում 2020-ին ակնկալվող եվրոբոնդերի մարման համար պարտքային պիկից, քանի որ մենք կարողացանք ամիսներ առաջ նոր թողարկում կատարել ավելի լավ պայմաններով ու այդ խնդիրը լուծել», - ասաց ֆինանսների նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով՝ տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է:

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակելու է առաջիկայում պարտքային միջոցներ ներգրավել, քանի որ բյուջեն դեֆիցիտային է, և այն պետք է սպասարկել: Ըստ այդմ, կառավարության անվանական պարտքը 2020-ին կաճի շուրջ 0,5 մլրդ դոլարի չափով՝ կազմելով 7,1 մլրդ դոլար: Սակայն նախարարության ներկայացուցիչները կարևորում են տնտեսության աճն ու իրացվելիության բարձրացումը, ինչի ցուցանիշն է ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի կրճատումը:

Հայաստանը 2020-ից այլևս չի ներգրավելու միջազգային ֆինանսական կառույցներից երկարաժամկետ արտոնյալ պարտքային միջոցներ բյուջեի ծախսերի սպասարկման համար, քանի որ երկիրն այլևս դասակարգվում է միջին երկամուտ ունեցողների շարքում:

«Հայաստանի կարողություններն այժմ գնահատվում են ավելի բարձր, քան նախկինում, ուստի պետությունը կարող է ներգրավել վարկեր շուկայական պայամաններով և տնօրինել դրանք իր գերակայություններին համահունչ: Արտոնյալ վարկային միջոցները տրվում էին կոնկրետ ծրագրերի ֆինանսավորման համար և որոշակի ռեֆորմներ իրականացելու պայմանով»,- ասաց միջոցառմանը ներկա ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ հավելելով, որ արտոնյալ պարտքային միջոցների հասանելիությունն այուամենայնիվ Հայաստանի համար փակված չէ, սակայն նախկինի համեմատ դրանք նվազ հասանելի են:

Նյութի աղբյուրը՝ Civinet.am