SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջի վրա մի քաղաքացի անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում այդ քաղաքացու հետ որոշ ժամանակ բանակցություններ է վարել ոստիկանության Աշտարակ քաղաքի ՊՊԾ դասակի հրամանատար Մանվել Գասպարյանը, ով այնուհետև, վտանգելով իր կյանքը, անցել է վտանգավոր եզրագիծն ու կարողացել է այդ քաղաքացուն, ով բավականին ծանրաքաշ է եղել, մի կերպ դուրս բերել անվտանգ վայր:

Նշված քաղաքացին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նրան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ, 50-ամյա Վաղարշակ Դ.-ն է:

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: