Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, անդրադառնալով Գրիգորյանի գործից այս գործի անջատմանը, հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի առողջությանը վերաբերող՝ ժամանակ առ ժամանակ իրենց կողմից հնչեցված կասկածները հաստատվել են նախորդ դատական նիստին:

«Պաշտպանն ասում է, որ իր պրակտիկայում չի եղել դեպք, որ էսպես-էսպես-էսպես... Իմ պրակտիկայում էլ չի եղել դեպք, երբ պաշտպանը ներկայացնում է, որ Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրներ ունի, կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր կան, սակայն ցածր տոնով նշում է՝ բոյկոտում ենք: Դրանից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունն սկսում է վատանալ, նա դժգոհում, նեղվում է, եւ պաշտպանը դատարանից խնդրում է հետաձգել դատական նիստը»:

Վահե Դոլմազյանի խոսքով՝ դա արձանագրվել է նախորդ դատական նիստի ձայնագրառման միջոցով, ինչն իրենք կարող են հետազոտել ավելի ուշ. «Այդ ձայնագրառումը կարող ենք հետազոտել Մանվել Գրիգորյանին վերաբերող դատական նիստի ժամանակ եւ արձանագրել այդ փաստը՝ դրանից բխող իրավական հետեւանքներով»:

Դատախազը նշեց, որ ողջամիտ դատաքննություն իրականացնելու նկատառումներից ելնելով եւ հաշվի առնելով նաեւ նմանատիպ հանգամանքները՝ գտնում է, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել քրեական գործերը միմյանցից անջատելով:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com