Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ տաք հետքերով առանձնապես խոշոր չափերի գողության դեպք են բացահայտել։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 11-ին ոստիկանույթյան Մասիսի բաժին է դիմել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Վիկտոր Իսրայելյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գաղտնի մուտք են գործել իրեն պատկանող, ԽՍՀՄ տարիներին գործող, սակայն այժմ պարապուրդի մատնված Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում և այնտեղից հափշտակել 70 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո գումար։ Նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ նույն քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ ստեղծվում է քննչական խումբ։


Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կազմում են կասկածյալների շրջանակը։ Այսօր նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանները Երևան քաղաքից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում Նոր Խարբերդի բնակիչ՝ 25-ամյա Նվեր Հարությունյանին և 58-ամյա Ռոբերտ Հարությունյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում պահեստային մասից Ռ. Հարությունյանը հափշտակում է ողջ գումարը և այն տանում, հանձնում է տղային՝ Նվերին՝ ասելով, որ «սա այգում՝ հողի մեջ պահի, հետ կորոշենք՝ ինչ ենք անելու»։ Նվերն էլ, հորից ստանալով գողացված գումարը, թաքցնում է այգում՝ հողի մեջ, սակայն հորից թաքուն այնտեղից գողանում է մոտ 7000 ԱՄՆ դոլար, իսկ հետո հորը հայտնում է, որ արդեն գումարը թաքցրել է ապահով վայրում։ Տղան՝ իրենից գոհ, հորը թողնում է տանը և հեռանում, դրանից հետո այս անգամ հայրը տղայի թաքցրած վայրից գումարը հանում և մեկ այլ տեղ է թաքցնում ու, երևի, ճիշտ է ասված՝ «գողը գողից գողացավ, Աստված, տեսավ, զարմացավ»։

Այս պահին ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ կասկածյալը մատնացույց է անում հողամասի այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակված գումարը։ Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lada Priora մակնիշի 36 QՍ 383 համարանիշի ավտոմեքենան, որն այսօր գողացված գումարով գնել է Նվերը, իսկ այն անվանափոխել է իր ընկերոջ անունով։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։

 Նյութի աղբյուրը՝ shamshyan.com