SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Կ.Ն.-ն ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել:

Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի` ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, դիտավորությամբ կրակել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված Hyundai մակնիշի 449 II 02 ոստիկանական համարանիշներով ավտոմեքենայի վրա՝ վնասելով աջ կողային ապակիները, աջ դիմացի և հետևի անվաթևերը, ինչպես նաև բեռնախցիկի ծածկոցը:Աղբյուրի տեղեկություներով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել է նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Վարդան Ադամյանը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Վ. Ադամյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել, որ արարքը կատարել է ինքը, իր ընկերոջ՝ 29-ամյա Ռոման Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի միջից և նրան պատկանող ատրճանակով, առանց որևէ դրդապատճառի 7 անգամ կրակոց է արձակել ոստիկանական ավտոմեքենայի վրա:

Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան:

Ոստիկանները հայտնաբերել են նաև «Մակարով» տիպի ատրճանակը: