Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցապետ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Նախագահի նստավայրում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական հարցեր, արտաքին քաղաքական իրողություններ, նաեւ նախագահական մի շարք նախաձեռնություններ:

Լուսավոր Հայաստանի հանդիպումը Արմեն Սարգսյանի հետ տեղի է ունենում Լույս դաշինքի շուրջ իրադարձությունների ֆոնին. ԼՀԿ-ն քննարկում է Ավագանու խմբակցությունից ԼՀԿ միակ ներկայացուցիչ Խաժակյանին հետ կանչելու հարցը:

 Հայաստանում ընթանում է քաղաքական նոր համակարգի ձեւավորման գործընթաց, որը սակայն թե դինամիկայի, թե բովանդակության առումով ամենեւին հուսադրող չէ: Միաժամանակ, այդ պատկերը բավական մեծ ճնշում է առաջացնում հենց Արմեն Սարգսյանի վրա, որը կամա թե ակամա դարձել է ներքաղաքական բացերը լրացնող գործոն: Ընդ որում, դրական, թե բացասական համատեքստում են նրա միջոցով լրացնում բացերը, կախված է հանգամանքներից:

Օրինակ, նախկին իշխանությունը ներկայացնող ուժերը Արմեն Սարգսյանի միջոցով բացերը լրացնում են առավելապես բացասական համատեքստում: Նիկոլ Փաշինյանի եւ նախկին իշխանության արանքում մնացած ուժերի համար Արմեն Սարգսյանը ստանում է «հոր» կարգավիճակ, որին նրանք կարող են ներկայացնել իրենց խնդիրներն ու մտահոգությունները:

Մինչդեռ Սահմանադրությամբ էլ նախագահ Սարգսյանի կարգավիճակը բոլորովին այլ է, կամ այն կարգավիճակ հնարավոր է դիտարկել մեծ վերապահումով, քանի որ կա նրա կալիբրի եւ գործառույթի էական անհամապատասխանություն:

Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահ կամ չկա, կամ նախագահները ունենում են հենց խորհրդանշական կարգավիճակ: Սակայն, կա մի նուրբ առանձնահատկություն: Որպես կանոն, այդ կառավարման մոդելներում նախագահի պաշտոնը զբաղեցնում են անձինք, որոնք քաղաքական կալիբրով համարժեք են այդ խորհրդանշական կարգավիճակին:

Մինչդեռ, Հայաստանի դեպքում կա բոլորովին այլ պատկեր, եւ Արմեն Սարգսյան նախագահի կարգավիճակն ու Արմեն Սարգսյան գործչի կալիբրը խիստ անհամարժեք են: Խորհրդանշական նախագահական կարգավիճակում է մի գործիչ, որը հայաստանյան քաղաքական կյանքում իր կալիբրով գտնվում է ամենավերին տեղերում: Ընդ որում այդպես էր լինելու նաեւ հեղափոխություն չլինելու պարագայում:

Մինչ Լուսավոր Հայաստանի պատվիրակությունը կհանդիպեր նախագահ Սարգսյանին, Արմեն Սարգսյանը լուսանկար էր հրապարակել Դոհա ֆորումից, որտեղ քննարկվում են համաշխարհային զարգացման խնդիրներ: Սարգսյանը մասնակցել ու ելույթ էր ունեցել, եւ լուսանկար էր հրապարակել ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am