Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»,-գրել էր նա։
168.am-ի հետ զրույցում Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը նշեց, որ կրակոցների հետևանքով որևէ տուժած չկա, այս պահին գյուղն ապրում է իր բնականոն կյանքով։

«Կրակոցները հնչել են երեկոյան 22։00-ից-22։30-ի սահմաններում, բավականին ակտիվ կրակոցներ են հնչել և՛ գյուղերի, և՛ դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների պահին գյուղում հարսանիք էր, որը ոչ մի րոպե չի դադարել, ինչպես հարկն է ընթացել է, մարդիկ պարել, ուրախացել են։ Գյուղի ուղղությամբ կրակոցները թիրախավորված էին, թիրախը՝ խաղաղ բնակչությունն էր։ Բարեբախտաբար որևէ տուժած չկա»,-ասաց Ֆելիքս Մելիքյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ճշտվում է նյութական վնասների չափը, դպրոց ու մանկապարտեզ չի փակվել, դրանք գործում են, մարդիկ շարունակում են իրենց առօրյա գործերն անել։