Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին միացած երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի պարզաբանումը մշակույթի գործիչների հայտարարության մասին արդեն հրապարակել ենք:

Araratnews.am-ը զանգահարեց Սամվել Գրիգորյանի քրոջը՝ երգչուհի Արմինե Գրիգորյանին, իմանալու, թե համամի՞տ է եղբոր կարծիքին:

Հիշեցնենք՝ Արմինե Գրիգորյանը սատարում է իշխանությանը, Թավշյա հեղափոխությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Տիկին Գրիգորյան, Ձեր եղբայրը եւս միացել է Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին: Սպասելի՞ էր Ձեզ համար:

Չէ, սպասելի չէր: Ես շոկի մեջ եմ: Նա ոչ մի տեղ չի ստորագրել, երեւի տենց գրել են: Երեւի թե գիտեք, որ ես դեմ եմ… ամբողջ կյանքս դժոխքով է անցել 1998 թվականից սկսած: Դժոխքի միջով եմ անցել:

Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում չի հերքել, որ միացել է ստորագրահավաքին, իր կարծիքն է ասել:

Ես շոկի մեջ եմ, չգիտեմ՝ ոնց են ուղեղը լվացել, որ տենց բան է արել: Ես նրա հետ դեռ չեմ խոսել: Գուցե ինքն էլ իր արգումենտներն ունի, որոնք ձեզ ասել է: Ինքը շատ կողմ էր հեղափոխությանը: Ինչ ասեմ՝ Քոչարյանը պառակտում է ընտանիքներ, չնայած՝ մեր ընտանիքում չի կարող պառակտում լինել: Պարզապես Սամվելն իր կարծիքն ունի: Բայց որ իմանաս, որ Սամվելը Քոչարյանի օրոք աշխատել է, կասես՝ աշխատել է, չի կարող ուրանալ: Ուղղակի շրջապատից է գալիս, Քոչարյանի կողմնակիցներն են, խելքն ու ուղեղը կերել են: Ամեն դեպքում շատ վատ եմ նայում այդ ամեն ինչին: Սամվելն իմ եղբայրն է, իմ ամեն ինչը, իմ կյանքն ու թագավորն է, աստվածը, բայց դա իր կարծիքն է:

Դուք ասացիք՝ դժոխքով եք անցել Քոչարյանի օրոք: Ի՞նչ նկատի ունեք, արդյոք Ձեր եղբայրը դժոխքի միջով չի անցել:

Հեռախոսով չեմ ուզում մանրամասնել: Նենց չի, որ դժգոհում եմ իմ կաշվի համար: Առաջնայինը երկրի շահերն են, հետո՝ իմը: Այն, որ դժոխքով եմ անցել, ինձ համար երկրորդական է, առաջնայինը երկրի շահն է: Շատ լավ հիշում եմ մինչեւ 1998-ը եւ դրանից հետո: Մարդիկ երեւի մոռացել են այդ ամենը: Այն, ինչ ես եմ ապրել… այսօր ինչ-որ լակոտներ՝ այսօր՝ մեկ, երեկ՝ երկու, ինչ-որ երգիչներ, ասում են՝ երկրի համար այնքան բան ենք արել: Բա ես ի՞նչ ասեմ: Մեն-մենակ այն թվին համայնքի դեմ եմ դուրս եկել: Իմ ոլորտից ոչ ոք չի եղել: Մենակ քարկոծել են, ձեռք են առել, հետ են գցել ամեն ինչից: Այդքանից հետո ես 20 տարի սպասել եմ:

Բացի հայ հայտնիներից՝ ՌԴ-ից եւս մշակույթի հայտնի գործիչներ միացել են այս ստորագրահավաքին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: Արդյոք նրանք լավ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որ ստորագրահավաքին միացել են:

Մարգարիտա Սիմոնյանը միշտ էլ դեմ է եղել հեղափոխությանը: Ես վստահ եմ, որ այդ ցուցակից շատերը հերքելու են իրենց միացած լինելը:

Այսինքն՝ զարմանալի չէ՞, որ Ռուսաստանից եւս միացել են ստորագրահավաքին:

Զարմանալի է, բայց կան անուններ, որոնց դեպքում այդքան էլ զարմանալի չէ: Տեղեկանում են ամեն ինչից: Ես, համենայնդեպս, շատ վատ եմ վերաբերվում այդ ամենին: Հազիվ երկիրն ուզում է ոտքի կանգնի, ու ուզում են պառակտում մտցնեն, արդեն ընտանիք են մտցնում: Չէի ուզի, որ իմ եղբայրն այդտեղ լիներ: Կարծում եմ՝ եղբայրս ինչ-որ մի բան, հերքում կտա:

 Նյութի աղբյուրը՝ Araratnews.am