168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել որդեգրումների աղմկահարույց քրեական գործից։ Պարզվում է՝ տասնյակ տարիներով երեխաների վաճառքի մասին ասեկոսեներից հետո խճճված կծիկը բացվել է «որդեգրումների» գործակալին գաղտնազերծելու միջոցով: Նա չի ունեցել պաշտոն, այս անձի ստորագրությունն առկա չէ ուսումնասիրվող նյութերում, բայց նա գործոն է եղել, կատարել է «կուրատորի» գործառույթ։

Առաջինն ԱԱԾ-ն այս գործակալի և ձերբակալվածների հաշվեհամարներին միաժամանակ արված ահռելի չափի փոխանցումներն է ֆիքսել, որը, ըստ աղբյուրների, առանձին դեպքերում հասնում է մինչև 650 հազար դոլարի։

Այնուհետև տևական ժամանակ ուսումնասիրվել են նրանց հետ փոխկապակցված հարաբերություններն ու կոնտակտները։ Շղթայական կապով մի քանի տասնյակը գերազանցող երեխաների ապօրինի որդեգրման կասկածելի հիմքեր են ի հայտ եկել, կեղծված փաստաթղթեր, երեխայի վաժառքի դեպքեր։

Ըստ այդմ, ենթադրվում է, որ գործում ներգրավված անձանց ընդլայնվող շրջանակը ներառում է բժիշկներ, համայնքային ծառայողներ, պետական պաշտոնատար անձինք (այդ թվում՝ գործող) և ոստիկանական համակարգի ներկայացուցիչներ։

Ի դեպ, ԱԱԾ դիտարկումներով՝ նյութերի ծավալն ահռելի է մեծացել, ի հայտ եկած հանգամանքներով օրեր առաջ առգրավել են նաև մինչև 2012թ. իրականացված որդեգրումների փաստաթղթեր, ծննդյան վկայականներ ու համադրվող այլ նյութեր։ Մինչդեռ նախնական փուլում նշանառության տակ էին միայն 2016-18 թվականների թղթապանակներում ամփոփված նյութերը։

Աղբյուրի տվյալներով՝ այս պահի դրությամբ կասկած հարուցող դեպքերն առավելապես առնչվում են տեղացի՝ ՀՀ բնակիչների որդեգրումներին, իսկ այլազգի ընտանիքների ուսումնասիրվող շրջանակը ներկայումս 30 դեպքով է սահմանափակվում։

Ընդ որում, այլազգիներով ստուգվող գործերը լրիվ տարբեր երկրների աշխարհագրություն են ընդգրկում։

ՀՀ Քննչական կոմիտեում (ՔԿ) ցուցմունք տված միակ արտասահմանցի որդեգրողը ֆրանսիացի է, մյուս դեպքերը, որոնք դարձյալ առնչվում են արտերկրի հետ, ՔԿ-ն, հնարավոր է, հարցաքննի ավելի օպտիմալ պայմաններում՝ տվյալ երկրների հետ իրավական օգնություն ցուցաբերելու միջազգային համագործակցության շրջանակներում։