Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ մարմինը վարույթ է հարուցել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ, մամուլում հայտնված տեղեկատվության առիթով, ըստ որի Մարությանը լինելով քաղաքապետ, միաժամանակ եղել է նաեւ Երկուս ու կես ՍՊԸ տնօրեն:

Ինչ կպարզվի վարույթի ընթացքում եւ արդյո՞ք այն կհանգեցնի Հայկ Մարությանի համար խնդիրների: Երեւանի քաղաքապետն արդեն տեւական ժամանակ գտնվում է ուժգին գրոհի թիրախում, որ նրա հանդեպ իրականացվում է տարբեր առիթներով: Միաժամանակ պետք է արձանագրել, որ առիթները բխել են նաեւ հենց նրա գործունեությունից, օրինակ Կամազների հայտնի պատմությունը, որը կարող էր եւ չլինել, եթե Մարությանը կամ նրա խորհրդատուները ճիշտ կողմնորոշվեին հանրության հետ երկխոսության ժամանակի եւ բովանդակության հարցում:

Դրան զուգահեռ, քաղաքապետի գործունեության դեմ աշխույժ գործունեություն է ծավալում Լուսավոր Հայաստանից Դավիթ Խաժակյանը, որի գործունեության ծիրում ակնառու է այսպես ասած «կոնֆիդենցիալ» տեղեկատվության տնօրինումը, որն ըստ ամենայնի նրա սեփականությունն է դառնում խորհրդապահական ինչ որ խողովակներով:

Դավիթ Խաժակյանին Երեւանու Ավագանուց հետո կանչելու նախնական մտադրությունը Լուսավոր Հայաստանը փաստորեն չիրականացրեց մինչեւ վերջ, ինչը նշանակում է, որ շարունակվելու է Մարությանի նկատմամբ այդ ուղղության աշխուժությունը:

Կդիմանա՞ Երեւանի քաղաքապետը գրոհին, հոգեբանորեն, եւ իհարկե իրավա-քաղաքական իմաստով: Ակնառու է, որ նրա հրաժարականի պահանջ հասունացնելու խնդիրը միավորել է մի շարք քաղաքական ուժերի եւ շրջանակների, որոնք Հայկ Մարությանի հրաժարականից հետո ակնկալում են Երեւանի Ավագանու արտահերթ ընտրություն: Երեւանի Ավագանում եւ Խորհրդարանում չհայտնված ուժերը ակնկալում են այդ միջոցով նվազագույնը՝ հայտնվել գոնե Ավագանում, այդպիսով ներքաղաքական կյանքում կատարելով որոշակի քայլ առաջ, առավելագույնը՝ հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա Ավագանում ձեւավորել միանձնյա մեծամասնություն:

Խորհրդարանում եւ Ավագանում տեղ ունեցող ուժերն էլ ակնկալում են թերեւս արտահերթ ընտրությամբ ավելի ընդլայնել իրենց տեղն Ավագանում:

Որքանով են արդարացված այդ ակնկալիքները, հարցի մյուս կողմն է: Օրերս հրապարակվեցին սոցհարցման տվյալներ, որոնք հուշում են, որ թե Երեւանի, թե խորհրդարանի արտահերթ ընտրությունից եղած որեւէ ակնկալիք այդ ուժերի համար առանձնապես հիմնավոր չէ: Միեւնույն ժամանակ, սոցիոլոգիան Հայաստանում առնվազն քաղաքական տիրույթում շարունակում է ունենալ վստահության խնդիր, իր հերթին սոցիոլոգիան ոչ թե քաղաքական դատավճիռ է, այլ աշխատանքի ուղղությունների սահմանման յուրօրինակ ուղեցույց:

Ներկայումս առնվազն քաղաքապետի հրաժարականի ուղղությամբ աշխատանքի սահմանումը՝ մոտավորապես «կոնսենսուս մինսուս մեկ» հայտնի սկզբունքով, նկատելի է: Թեեւ, ամենեւին միարժեք չէ, որ այդ շրջանակում բոլորն ուժերն են պատրաստ առաջնորդվել «կոնսենսուս, կոնսենսուս մինչեւ վերջ» տրամաբանությամբ:

  Նյութի աղբյուրը՝ Lragir.am