Երեկվանից Հանրությանը ցնցած 17-ամյա Էդիկ Բեգլարյանի դաժան սպանությունը արագ տեմպով բացահայտվում է:

Նախ պարզվեց, որ Բեգլարյանին անսրտորեն սպանել է իր դասընկերը` 17-ամյա Սարգիս Գիլոյանը: Այնուհետև iPress.am-ը հրապարակեց սպանության դրդապատճառը`այն է` պարանոցի շղթան:

Ի վերջո պարզվեց, որ որոշ ժամանակ առաջ, Սարգիս Գիլոյանը, բիզնես սկսելու նպատակով Էդգար Բեգլարյանից խնդրում է վերջինիս պարանոցի ոսկե շղթան` գրավ դնելու համար, պայմանով, որ որոշ ժամանակ անց այն ետ կվերադարձնի 50.000 դրամ հավելավճարով:

Սակայն տևական ժամանակ էր, ինչ Սարգիս Գիլոյանը չէր վերադարձնում շղթան, ավելին` նեղ շրջապատում անընդհատ նշում էր, որ «Էդիկն ով ա, որ ինձնից շղթան հետ ուզի, իմ ցելը գողական դառնալն ա, չորով չեմ տալիս»:

Ի վերջո` Էդիկ Բեգլարյանի և Սարգիս Գիլոյանի միջև վեճը ավարտվում է Մասիսի կիսաքանդ շինության ներսում` Սարգիսը դանակով դաժանորեն հարվածներ է հասցնում Էդիկ Բեգլարյանի սրտին և պարանոցին, այնուհետև դուռը փակում է զոհի վրա ու դանակը նետում մոտակա աղբարկղը:

17-ամյա մարդասպանի արկածներն այսքանով չեն ավարտվում, մեր աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում Գիլոյանի` Մասիսի քննչական վարչությունում տված ինքնախոստովանական ցուցմունքից: Պարզվում է, որ Գիլոյանը շատ գոհ է իր քայլից, բառացիորեն մեջբերում ենք.«Լավ եմ արել` սպանել եմ, նա էդքան չկա, որ ինձնից ապրանք հետ ուզի, ես ճիշտ եմ ու չեմ փոշմանել»:

 Նյութի աղբյուրը՝ ipress.am