Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն և ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հետ իր հարաբերություններին, նախկին իշխանության աշխատաոճին, հայկական ֆուտբոլի վերջին զարգացումներին, 2019թ. իր գործունեությանն ու օրենսդրական նախաձեռնություններին:

Ա.Վանեցյանի հետ հարաբերությունների մասին նա ասել է. «Կստեմ, եթե ասեմ, որ մեր հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին էին անցյալում: Դեռ չեմ կարող ասել, որ մենք չենք շփվում.... Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ շուտվանից: Նա հեղափոխության ժամանակահատվածի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից՝ կասկածվել է, մեկուսացվել։ Եվ որքանով գիտեմ՝ քրեական գործ հարուցելու միտում է եղել իր հետ կապված»:

Հանրության համար ցավոտ պարգևավճարների մասին էլ նշել է, որ դրանք տրվել են 380 մլն դրամ տնտեսումների հաշվին: Ընդ որում՝ պարգևատրում են ստացել բոլոր պատգամավորները:

«Բայց չգիտես ինչու Արարատ Միրզոյանի ու իմ անուններն են նշվում»,- նկատեց ԱԺ փոխնախագահը: