SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։
Ժամը 23։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ նախաբազկի ստորին երրորդի կտրած վերք, քթի շրջանի պատռած վերք, փափուկ հյուսվածքների վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաները պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Սեդրակ Մ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին կանգնեցրել են իր ավտոմեքենան և դանակով հարձակում գործել իր նկատմամբ։
Ոստիկաններն այնուհետև պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Սեդրակ Մ․-ի ավտոմեքենան որպես ուղևոր նստած անհայտ անձը Գյումրի քաղաքից դեպի Շիրակի մարզի Բենյամին գյուղ տանող ճանապարհահատվածում դանակը պահել է Սեդրակ Մ․-ի պարանոցին և առաջացած քաշքշուկի ընթացքում վերջինիս ձեռքերին առաջացել են վնասվածքներ։
Սեդրակ Մ․-ն այնուհետև հայտնել է, որ նշված անձն այդ ժամանակ կրծոտել է իր քիթն ու վախեցնելով՝ հափշտակել է իր մոտ եղած 200 հազար դրամը, այնուհետև դիմել փախուստի։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։