ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նախագիծ էհրապարակել, որով նախատեսվում է արգելել ճայթուկների վաճառքը։

Նախատեսվում է կարգավորում, որով տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Իսկ դրանց հետ վարվելը պահանջելու է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների համապատասխան որակավորում, տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Նախատեսվում է նաև փոխել հրավառությունների արգելման ժամերը։ Նախկին ժամը 23:00-ից մինչև 7:00-ի փոխարեն, կարգելվեն հրավառություն իրականցնել 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն:

Նախագծով՝ առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը տուգանվելու է 250,000 դրամով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքը կրկին կատարելու դեպքում վաճառողը կտուգանվի 500,000 դրամով։

Նախագիծը կգործի միայն կառավարության քննարկմանը ներկայացվելուց և Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո:

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան.net