Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատունը հունվարի 1-ից չի գործում, ինչը աշխատակիցների մոտ մեծ դժգոհություն է առաջացրել։ NEWS.am-ի հետ զրույցում ծննդատան գինեկոլոգ Լյուդմիլա Թադեւոսյանն ասաց, որ 2019 թվականին ծննդատանն ունեցել են 106 ծնունդ, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։

«Մեզ պարոն Մելիքյանն ասաց, որ հունվարի 1-ից ծնունդ չենք ընդունելու, ծննդատունը փակվելու է։ Մենք գիտենք, որ հրաման չկա, մենք էլ, բնականաբար, բողոքում ենք։ Ծնունդ էլ չենք ընդունում, քանի որ տնօրենը չի թողնում։ Մեզ բանավոր ասաց՝ չընդունեք ու վերջ։ Ես ստիպված ծնունդներին ուղարկում եմ այլ ծննդատուն»,- ասաց Թադեւոսյանը։

Լյուդմիլա Թադեւոսյանն ասաց, որ ծննդատնից օգտվում է Շիրակի մարզի 17 գյուղ. «Մենակ եմ աշխատում այս ծննդատանը, իսկ միայնակ աշխատելն անհնար է, եթե ուզում ենք լավ որակ ունենալ։ Մենք բազմաթիվ անգամ խնդրել ենք տնօրենին, որ վերապատրատված մասնագետնետ բերի, սակայն ապարդյուն։ Ասում էր՝ իմ գործը չէ, այդպես էլ ոչ մի մասնագետ չբերեց։ Այդ գյուղերն անգամ տրանսպորտային միջոց չունեն, որ հասնեն մեր ԲԿ։ Եթե փակվի, այդ 12 աշխատողները մնալու են գործազուրկ՝ ոչ իրենց մեղքով։ Ես էլ հո չպետք է գնամ կադրեր գտնեմ, բերեմ այստեղի աշխատողներին փորձով փոխանակեմ ու լավ փորձառու աշխատողներ բերեմ, դա տնօրենի գործն է, որն ինքը չի անում։ Ես վաղուց ասում էի իրեն՝ բժիշկ նորմալ մասնագետներ բեր, որ աշխատենք»։

NEWS.am-ի հետ զրույցում ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանն ասաց, որ ինքն էլ կողմ չէ ծննդատան փակվելուն, սակայն այդ որոշումն Առողջապահության նախարարությանն է. «Փակողը ես չեմ, փակողը Կառավարությունն է, Առողջապահության նախարարությունն է։ Ես տնօրենն եմ, ես ոչ բացողն եմ, ոչ էլ՝ փակողը։ Նախարարը երբ այցելել է Գյումրի ասել է, որ Մարալիկի ծննդատունը պահելն անիմաստ է, քանի որ ծնունդների քանակը քիչ է»։

Վռամ Մելիքյանը շեշտեց՝ իրեն նախարարությունից ասել են, որ ծննդատունը չշահագործի, մինչեւ հունվարի 7-ին որոշումը լինի.

«Այս թեմայով զրուցել եմ փոխնախարարի հետ։ Իրենց որոշումն է, սակայն ես դեռ չունեմ հստակ տեղեկություն, վերջնական փա՞կ է ծննդատունը, թե ոչ։ Ինձ նախարարությունից ասել են՝ եթե դուք ընդունեք ծնունդը, մենք չենք վճարելու։ Անցած տարի դեռ պետք է փակվեր, ես պայքարել եմ, տարբեր կերպ կապվել եմ նախարարի հետ, նամակներ եմ գրել մարզպետին, չեմ ուզել, որ գործազուրկ մնան։ Մեկ տարի կարողացել եմ այդ կերպ պահել ծննդատունը, սակայն հիմա չեմ կարող իմ գրպանից պահել ծննդատունը, ուժերիցս վեր է»։