Հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում սպանված 16-ամյա աղջիկը վարձով է բնակվել այնտեղ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանությունը հունվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, հաղորդում է ստացել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում Աբովյան փողոցից ձերբակալվել է Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ, որի որոնման աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ ձերբակալվածը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, որը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերվել է նաեւ բնակարանից հափշտակված պլանշետը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։