ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր. Ամանորի շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։

Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները և ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։

ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ։

Տվյալ անձանց մոտ ջերմության առկայության մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ»։