Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հուլիսի 6-ին դռան փականից կախված հայտնաբերված 10-ամյա տղան գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն: Այս մասին  հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Երեխայի մայրը NEWS.am-ին պատմեց, որ երեխայի հետ զրուցել է: Նա պատմեց նաեւ, որ ինքը տնային գործով է զբաղված եղել, երբ դեպքը տեղի է ունեցել:

«Անկողիններն ուղղելուց հետո աղջիկս ձայն տվեց` մամա, ապերիկն ընկել ա գետնին: Վազելով եկել եմ` տեսնեմ իրան` խեղդված գետնին ընկած, թելը գցած»,- պատմեց նա` նշելով, որ որդուն կախված հայտնաբերելուց հետո ավագ դուստրը դանակով կտրել է թելը:

Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան:

Մոր կարծիքով՝ դեպքը տեղի է ունեցել խաղալիս։

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: