16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանին այսօր մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):

«Ես համոզված եմ, որ իմ տղայի նկատմամբ ոստիկանությունում բռնություն է գործադրվել, ինքնախոստովանությունը կորզվել է բռնության միջոցով: Իմ տղային ճանաչելով՝ ուղղակի համոզված եմ, որ բռնություն է կատարվել»,- Aravot.am-ին ասաց Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը:

Նա պատմեց, որ այսօր առավոտյան սարսափելի հաղորդագրություն է ստացել. «Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան: Երեւի վրեժխնդիր լինելու համար, դիմել եմ ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում եմ տվել»:

Պարոն Սուքիասյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ որդու հետ այս ընթացքում հաջողվեց խոսել, պարզել դեպքի մանրամասները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր հարցերին ի պատասխան՝ որդին գլուխը բացասաբար շարժում էր. «Չգիտեմ՝ հուզված էր, թե ասում էր՝ ես մեղավոր չեմ»: Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ Ժամը 23։00-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Նյութի աղբյուրը՝ Aravot.am