33-ամյա Լ.Ե.-ն երկար կհիշի այդ օրը. շմոլ գազով թունավորման պատճառով նա եւ իր ընտանիքի անդամները հայտնվել են հիվանդանոցում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Լ.Ե.-ն պատմել է, որ այդ օրն իր սկեսուրն ու սկեսրայրը բողոքել են վատ ինքնազգացողությունից: Այդ պահին նրանց ճնշումը շատ ցածր է եղել: Դրանից հետո թուլությունից եւ քնկոտությունից սկսել է բողոքել նաեւ նրա ամուսինը, ինքը եւս տարօրինակ գլխապտույտ է զգացել: Միայն 4-ամյա որդու եւ շան մոտ որեւէ ախտանիշ չի եղել:

Թե ինչ է եղել հետո, Լ.Ե.-ն չի հիշում: Երբ նա անսպասելի կորցրել է գիտակցությունը, հարազատները հասկացել են, որ իրենք բոլորը, ամենայն հավանականությամբ, թունավորվել են շմոլ գազով: Միանգամից շտապօգնության բրիգադ են կանչել եւ բացել բոլոր պատուհանները՝ բնակարանը օդափոխելու համար: Ընտանիքի բոլոր անդամներին հոսպիտալացրել են, եւ հիվանդանոցում անցկացված հետազոտությունները հաստատել են շմոլ գազով թունավորման փաստը:

Բոլոր 5 պացիենտների բուժումից հետո նրանց դուրս են գրել, եւ այժմ ընտանիքի բոլոր անդամներն իրենց լավ են զգում: Նրանց բնակարանում մասնագետները շմոլ գազի արտահոսք են հայտնաբերել, խնդիրը վերացրել են:

Լ.Ե.-ն խոստովանել է, որ օդի մեջ շմոլ գազի բարձր պարունակության մասին ազդանշող սարքն իրենք անջատած են պահել. չեն մտածել, որ այն օգտակար կլինի, ավելին, վարդակն անհրաժեշտ է եղել այլ սարքի համար: Իսկ այժմ՝ մտնելով խոհանոց, կինն առաջինը նայում է՝ արդյոք միացված է այդ սարքը:

Մասնագետները զգուշացնում են, որ շմոլ գազով թունավորումը վտանգավոր է մարդու համար եւ կարող է մահվան հանգեցնել:

Ի՞նչ է իրենից ներկայացնում շմոլ գազը, ինչո՞ւ է վտանգավոր, ինչպե՞ս է արտահայտվում եւ ի՞նչ անել նման դեպքում:

Այսպիսով, շմոլ գազը (СО) այրման արտադրանքներից ամենաթունավոր բաղադրիչներից մեկն է: Այն առաջանում է գրեթե բոլոր այրվող նյութերի հալեցման եւ այրման ժամանակ: Դրա գլխավոր վտանգն այն է, որ թոքերի միջով այն արագ ներթափանցում է արյան մեջ, որտեղ ամուր կապվում է հեմոգլոբինի հետ եւ խոչընդոտում դրա կապը թթվածնի հետ, ինչը հանգեցնում է հիպոքսիայի (թթվածնային քաղց): Շմոլ գազ երկար շնչելը կարող է սրտային անբավարարության, միոկարդի կաթվածի հանգեցնել, իսկ ծանր դեպքերում՝ ցնցումների, կոմայի եւ մահվան:

Որտե՞ղ եւ ինչպե՞ս կարելի է թունավորվել շմոլ գազով

Բաց օդի մեջ շմոլ գազը սովորաբար արագ է ցրվում, իսկ փակ տարածքներում թթվածնի պակասի դեպքում այն կարող է կուտակվել մեծ քանակությամբ: Պատահական չէ, որ շատերը թունավորվում են շմոլ գազով տարածքներում, որոնք չեն օդափոխվում եւ որտեղ տագնապի ազդանշանն անջատված է:

Սակայն փողոցում եւս կարելի է թունավորվել շմոլ գազով՝ հրդեհների եւ բնական աղետների ժամանակ: Թունավորվել հնարավոր է նաեւ ավտոմեքենայի անսարքության հետեւանքով:

Ինչպե՞ս իմանալ, որ թունավորվել եք շմոլ գազով

Շմոլ գազը չունի գույն, հոտ, եւ այն անհնար է նկատել: Իսկ առաջին նշաններին տուժածը կարող է ուշադրություն չդարձնել:

Առաջին նշաններն են՝

թուլություն
գլխացավ
հոգնածություն
քնկոտություն
շնչահեղձություն
չոր հազ
սրտխառնոց
հավասարակշռության կորուստ
տեսողության վատացում
հիշողության կորուստ կամ գիտակցության կորուստ
Շատերը թունավորման ֆոնին ուզում են քնել, ինչը շատ վտանգավոր է եւ կարող է մահվան հանգեցնել:

Ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել շմոլ գազով թունավորվելու դեպքում

Տուժածին հարկավոր է որքան հնարավոր է արագ դուրս բերել մաքուր օդի։ Հագուստի կոճակները հարկավոր է արձակել, բացել օձիքը, նրան պառկեցնել կողքի, որպեսզի լեզուն կուլ չտա կամ չխեղդվի փսխուքի զանգվածից։

Եթե տուժածը գիտակցությունը կորցրել է, կարելի է նրան հոտոտել տալ անուշադրի սպիրտ։ Եթե տուժածը արագ գիտակցության չի գալիս կամ եթե շնչառական կամ սրտի բաբախի հետ կապված խնդիրներ կան, անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, իսկ մինչ բրիգադի գալը կատարել վերակենդանացնող միջոցառումներ։ Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս շտապօգնություն կանչել կամ ինքնուրույն դիմել բժշկի, անգամ եթե տուժածի վիճակը բավարար է։ Գրագետ բուժօգնությունը թույլ կտա կանխել բարդությունները, որոնք կարող են առաջ գալ հետագայում։

Ինչպե՞ս պաշտպանվել շմոլ գազի թունավորումից

Մի օգտագործեք անսարք գազօջախներ, վառարաններ եւ էլեկտրասարքեր; փորձեք տունը չտաքացնել գազի վառարաններով;
Ոչ մի դեպքում մի անջատեք ազդանշանային համակարգը (շմոլ գազը կարգավորող սարքերը);
Օդամուղը չպետք է գտնվի նույն տարածքում, որտեղ կա գազով աշխատող սարքավորում;
Կանոնավորապես ստուգեք օդափոխման համակարգի սարքինությունը;
Կանոնավորապես ստուգեք տարածքը, որտեղ կան գազի վառարաններ եւ այլ սարքավորումներ;
Ավտոտնակում, թունելում մեքենայի երկար գտնվելու պարագայում միշտ անջատեք շարժիչը;
Մի քնեք շարժիչը միացված մեքենայում։