Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14 շենքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգը 9-11-ից օպերատիվորեն փոխանցվել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական խումբը 3 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուղքով։Օպերատվորեն ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբի մի քանի շտապօգնության բրիգադներ։

Հրշեջ-փրկարարները նշված շենքից տարհանել են 10-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաներ, և բոլորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլորը ծխահարվել են։ Շենքը, որն օգտագործվում է որպես հանրակացարան, 4-րդ հարկից է կրակը բռնկվել։

Այս պահին Լոռու մարզի հրշեջ-փրկարարները՝ մարզի փրկարարական վարչության պետ, Փրկարար Ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիլյանի գլխավորությամբ վերահսկում են իրավիճակը, կրակի տարածումը կանխել են ու հիմա կատարում են աշխատանքներ՝ այն ամբողջովին մարելու ուղղությամբ։

Տեղում ծառայություն են կատարում նաև օպերատիվորեն ժամանած ոստիիկանության Բազումի բաժնի ծառայողներ։

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ոստիկանությունը պարզում է այն բնակարանատիրոջ ինքնությունը, որտեղից սկսվել է կրակը, ինչպես նաև ծխահարված քաղաքացիների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: