Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի անկման վայրում աշխատող փրկարարները գրություն են գտել:

Այս մասին հայտնում է Korrespondent.net կայքը` հղում տալով «Ուկրաինա 24/7»-ի Telegram-յան ալիքին:

Գրառումը գրված է ֆարսի լեզվով, որով խոսում են Իրանի բնակիչների մեծ մասը: Գրառման մեջ իրանցի ուսանողն Աստծուց քննությունը հանձնելու համար օգնություն է խնդրել:

Նշվում է, որ զոհերի մեծ մասը Կանադայից ուսանողներ են եղել: Նրանք սուրբծննդյան արձակուրդներից հետո դասերին վերադառնալու համար ցածր գնի պատճառով օգտվել են ուկրաինական ավիաուղիներից:

Հիշեցնենք, որ այսօր Թեհրանի օդանավակայանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմինները դժվար կլինի ճանաչել՝ վնասի բարձր աստիճանի պատճառով: Այս մասին հայտնում է «Օբոզրեվատել»-ը՝ հղում անելով Թեհրանի շտապ օգնության կենտրոնի ղեկավարին։

Նշվում է, որ փրկարարները հավաքում են մարդկանց մարմնի մասերը մոտ 2 հա տարածքում, որպեսզի դրանք հանձնեն դատաբժշկական փորձագետներին: Ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։

Ինքնաթիռում, որը հունվարի 8-ի առավոտյան կործանվել է Իրանում, գտնվել է 15 ուկրաինացի՝ երկու ուղևոր և անձնակազմի տասներեք անդամ։

• Կանադայի քաղաքացիներ – 73
• Իրանի քաղաքացիներ – 71
• Շվեդիայի քաղաքացիներ – 8
• Աֆղանստանի քաղաքացիներ – 6
• Գերմանիայի քաղաքացիներ – 4
• Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ – 3

Թեհրանում ինքնաթիռի կործանման ահաբեկչության վարկածը բացառվում է։ Սև արկղերը արդեն գտնված են։

 Նյութի աղբյուրը՝ iravaban.net