«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ մորից վերցված և այլ կնոջ հանձնված աղջիկը փնտրում է մորը:

Հրապարակման հետքերով SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Հայկուհի Խաչատրյանի հետ: Վերջինս պատմեց.


«Այդ աղջիկն ինքն է ինձ գրել «Հայոց մայրեր» շարժման ֆեյսբուքյան էջում: Նա այնտեղ հաղորդագրություն է գրել, որ ինքը վաճառված երեխաներից մեկն է: Ես շատ շտապ կապ հաստատեցի, խոսեցի հետը, նույնիսկ տվյալներ տրամադրեցի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին, որ նա էլ միջամտություն անի, փորձենք գտնել երեխայի կենսաբանական մորը»:

Խաչատրյանը հայտնեց՝ աղջիկը ծնվել է 1988թ. հոկտեմբեր ամսին, նրա կենսաբանական մայրն ունեցել է զույգ երեխաներ՝ տղա և աղջիկ, իսկ աղջկան պահած կնոջ երեխան մահացել է: Կենսաբանական մորն ասել են, որ աղջիկը մահացել է, միայն տղային են տվել: Այդ դեպքի մասին աղջիկը վերջերս է իմացել. մահվանից առաջ տատիկն է պատմել, և ինքն այժմ ուզում է իր կենսաբանական մորը գտնել:

Աղջիկն ապրում է Գյումրիում: Նա մեղադրում է իրենց դիմացի հարևան բժիշկին, որն անմիջական մասնակցություն է ունեցել վաճառքին:

«Տատիկը հստակ նշել է՝ «մայրիկդ գումար է տվել, ծնողներդ գումար են տվել, քեզ գնել են»: Ես չուզեցի շատ մանրանալ, սթրեսի ենթարկել աղջկան: Այս պահին որոնողական աշխատանքներ են և´ համացանցի հրապարակման միջոցով, նաև հանդիպում է կազմակերպվել ծննդատան տնօրենի հետ: Շատ գեղեցիկ աղջիկ է, անունը Անի է»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ արդյո՞ք Անին ծնողներից իբրև հուշ մնացած որևէ լուսանկար ունի կամ իրեն ասել են ծնողների մասին այլ տվյալներ, Խաչատրյանը պատասխանեց, որ աղջիկը ծնողներից ոչինչ չունի պահպանված, իրեն տատիկն է պահել:

«Երբ ասացի՝ մայրիկը գիտի՞, որ իր երեխան մահացել է, փոխարենը քեզ են տվել, նա ասաց. «Կարծում եմ՝ գիտի»: Երբ հարցրի մոր հետ առնչության մասին, ասաց, որ իրեն տատիկն է պահել-մեծացրել, մահվանից առաջ էլ խոստովանել է, որ այդպիսի դեպք է եղել»,- հայտնեց Խաչատրյանը:

Անիի մասին տվյալներ դեռևս չեն հրապարակվում: Անին փորձում է գտնել իր կենսաբանական մայրիկին՝ գաղտնի մնալով, որ տարիներ առաջ կատարվածի հետքերը չվերացնեն: