SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի՝ դանակով զինված, մտել է Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 194 հասցեում գործող «Արդինշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղ, մոտեցել այդ պահին աշխատակցին և դանակի սպառնալիքով վերջինից պահանջել գումար։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ զինված հանցագործը աշխատակից Ժաննա Մ․-ից գումար կպահանջեր, բանկում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պետական պահպանության վաշտի ոստիկան Արման Անտոնյանը կարողանում է օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում վնասազերծել նրան։

Ահազանգով ժամանում են ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր բանկի մասնաճյուղից հանցագործին բերման են ենթարկում ոստիկանության Տաշիրի բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ կասկածյալ, Տաշիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Նազարյանը ձերբակալվել է։