«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով վկա Ռ․ Ա-ի ցուցմունքը։

Ինձ հայտնի է, որ 2008թ․ փետրվար-մարտ ամիսներին, ընտրություններից հետո, Երևան քաղաքի մի շարք փողոցներում և հրապարակներում քաղաքացիների կողմից իրականացվել են բազմամարդ հավաքներ։ Այդ հավաքները, ինչպես նաև քաղաքացիների դժգոհությունը, վերաբերում էին ընտրությունների արդյունքներին, այլ կերպ ասած՝ քաղաքացիները չէին ցանկանում և չէին հավատում, որ Սերժ Սարգսյանը արդար ընտրություններով ընտրվել էր ՀՀ երրորդ նախագահ։ Իսկ մինչ այդ ՀՀ նախագահ է հանդիսացել Ռոբերտ Քոչարյանը։ Ես անձամբ այդ հավաքներին երբևէ չեմ մասնակցել, բացի դրանից՝ նշված օրերին գրեթե մշտապես իմ ծառայակից ընկերների հետ գտնվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում, քանի որ այդ օրերին ուժեղացված ծառայություն էր։ Տեղյակ եմ նաև, որ 2008թ․ մարտի 1-ին և 2-ին իրականացված հավաքների ժամանակ զոհվել էին նաև քաղաքացիներ, ինչպես հետագայում տեղեկացել եմ հեռուստատեսությունից՝ զոհվել էին, իմ հիշելով, տասը քաղաքացիներ։ Այդ անձանց մահանալու դեպքերի վերաբերյալ ես մանրամասնություններ չգիտեմ, միայն լսել եմ, որ այդ հավաքների ընթացքում նրանց վրա կրակել են, ինչից էլ մահացել են, սակայն տեղյակ չեմ, թե ովքեր են կրակել այդ քաղաքացիների ուղղությամբ։

Նշված հավաքների անցկացման ընթացքում, այսինքն՝ ընտրություններից հետո, իմ հիշելով, 2008թ․ փետրվարի 23-ին, երեկոյան ուշ ժամի, ինձ զանգահարեց մեր զորամասի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Հակոբյանը, կանչեց զորամաս։ Այս պահին չեմ հիշում՝ բջջայի՞ն հեռախոսիս էր զանգահարել, թե՞ քաղաքային, հեռախոսազրույցի ընթացքում մանրամասներ չհայտնեց, միայն կանչեց զորամաս։ Ես անմիջապես համազգեստով գնացել եմ զորամաս, տեսա, որ հրամանատարը կանչել էր նաև մեր մյուս ծառայողներին՝ հրամանատարական կազմից։ Հանդիպեցի զորամասի հրամանատարին, նա միայնակ էր, ՀՀ ՊՆ այլ բարձրաստիճան սպա զորամասում չկար։ Անդրանիկ Հակոբյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից զինվորներ են գալու այդ գիշեր, ինձ հանձնարարեց, որ զորամասում նրանց համար մահճակալներ և անհրաժեշտ այլ իրեր դասավորեի։ Նշեմ նաև, որ մեր զորամասի ժամկետային զինծառայողները բնակվում և գիշերում էին այլ մասնաշենքի հատվածում, ինչպես նաև հետագայում օգնում էին մեզ Ղարաբաղից եկած զինվորներին անհրաժեշտ իրերով ապահովելու հարցում։ Ես անմիջապես սկսեցի զբաղվել այդ հարցով, իմ հիշելով, մոտ 400 զինվորի համար նախապատրաստեցի մահճակալներ և անհրաժեշտ այլ իրեր․ գիշերվա ժամերին, հստակ չեմ կարող հիշել, ղարաբաղցի այդ զինվորները եկան իրենց զինվորական բեռնատար ավտոմեքենաներով, այդ մեքենաների տեսակների համարանիշերը չեմ հիշում, նրանք մտան զորամաս և սկսեցին տեղավորել դրանք բեռնատար ավտոմեքենաների վրա։ Իմ հիշելով՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարանիշերն էին՝ ՊԲ գրառմամբ, սև գույնի։ Այդ անձինք մտան զորամաս, որից հետո հասկացանք, որ նրանք ոչ թե ժամկետային զինվորական ծառայողներ էին, այլ գրեթե բոլորն էլ սպաներ էին, քանի որ տարիքով մեծ էին։ Բացի դրանից՝ նրանք համազգեստով էին, կրում էին ուսադիրներ, գրեթե բոլորն ունեին մայորի, փոխգնդապետի կամ գնդապետի կոչում։ Կոնկրետ գնդապետի կոչում ունեին երկու-երեք անձ, որոնցից մեկին Միշկա էին ասում․ կարճահասակ սպա էր, որը, կարծես, նրանց հրամանատարն էր, մյուս գնդապետի անունն էլ Մասիս էր։

Այդ զինվորներին հատկացված սավանները, սրբիչները, բարձի երեսներն անձամբ ստացել է քիչ առաջ նշածս Մասիսը, որը հանդիսանում է Ղարաբաղից եկած զորքի թիկունքի պետը, այդ բոլոր հարցերով նա էր զբաղվում։ Իսկ ես էլ, որպեսզի կարողանայի հաշվառել, թե ինչ տեսակի և քանակի գույք էի տվել նրանց, ինձ համար առանձին տետր էի բացել, որտեղ գրել էի, թե կոնկրետ ինչ եմ տվել, իսկ այդ իրերը ստանալուց յուրաքանչյուր անգամ նշածս Մասիսը անձամբ ստորագրել է այդ տետրում և գրել ազգանունը։ Նշեմ, որ Ղարաբաղ եկած զինվորների հետ գրեթե չեմ շփվել, եթե չեմ սխալվում, նույնիսկ հրամանատարն էր զգուշացրել, որ նրանցից հեռու մնայինք ու գործ չունենայինք նրանց հետ։ Այդ առաջին գիշերը եկած զինվորները՝ մոտ 300 հոգի, կա՛մ այդ գիշեր, կա՛մ հաջորդ գիշեր նույն իրենց եկած ավտոմեքենաներով դուրս եկան բոլորով մեր զորամասից ու գնացին, հետո խոսակցություններից իմացանք, որ նրանք գնացել էին կառավարության շենք ու այնտեղ էլ մնացել են, մեր զորամաս այլևս չեն վերադարձել, հետագայում հնարավոր է, որ նրանք եկել-գնացել են, սակայն նույնիսկ դեմքերով չեմ հիշել, որ կարողանայի ճանաչել։ Նրանց գնալուց հետո, իմ հիշելով, հաջորդ օրը եկան ևս մոտ 400 զինվորներ, կրկին նախկինում եկած զինվորների համազգեստներով, նորից Ղարաբաղից էին, եկել էին կրկին զինվորական բեռնատար ավտոմեքենաներով։ Ինչպես առաջին անգամ եկածները, այնպես էլ երկրորդ անգամ եկած զինվորները, իրենց մոտ ունեին զենքեր, հիմնականում ես նկատել եմ, որ ունեցել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգեր, իրենց զենքերը պահում էին հատկացված զորամասային հատվածում։ Այդ բոլոր զինվորները խոսում էին Ղարաբաղի բարբառով, նույնիսկ հասկանալի չէր, թե ինչ էին խոսում, բացի նշածս Միշկայից ու Մասիսից, անուններով այլ զինվորի չեմ ճանաչում, չեմ լսել, հնարավոր է, որ միմյանց անունով դիմած լինեին, սակայն այս պահին դա չեմ հիշում։ Սակայն զինվորների մեջ կար մեկը, որը քիթ չուներ, ասում էին, որ ուժեղ ռազվեդչիկ էր, պատմում էին, որ այդ զինվորը գնացել էր Ադրբեջանի Հանրապետություն՝ ռազվեդկի, խոզը նրա քիթը կերել էր, իսկ ինքը ձայն չէր հանել, սակայն այդ անձի անունը չգիտեմ։ Կրկին նշեմ, որ այդ զինվորների հրամանատարը, իմ կարծիքով, նշածս Միշկան էր, ամեն դեպքում այդպիսի տպավորություն էր թողնում։

Զորամասում այդ զինվորները մնացել են մոտ երկու ամիս, այսինքն՝ փետրվարից մինչև ապրիլի վերջերը, երբ արդեն մոտենում էր զորակոչը։ Զորամասում մենք նրանց զենք, համազգեստ չենք տվել, սնվում էին ճաշարանում, ուտում էին նաև այնպիսի սննդամթերք, որոնք հասանելի չէին սովորական ժամկետային զինծառայողներին, սակայն թե այդ սնունդը որտեղից և ումից էին նրանք ստանում՝ ես տեղյակ չեմ։ Այդ զինվորները ազատ տեղաշարժվում էին զորամասում, ֆուտբոլ էին խաղում, զորանոցում էին նստում, պարապմունքներ էին անցկացնում ֆիզհրապարակում, ազատ դուրս էին գալիս զորամասից, խանութ գնում, սովորական ժամկետային զինծառայողների առօրյայով չէին շարժվում։ Նրանք միշտ կրել են զինվորական համազգեստ, սակայն թևքերին փակցված տարբերանշանները չեմ հիշում։

Ինչպես ես, այնպես էլ մեր զորամասի ծառայողները, քաջ հասկանում էինք, որ նրանք եկել էին, ՀՀ և մեր զորամասում էին մնում Երևանում ընտրություններից հետո տեղի ունեցող հավաքների կապակցությամբ։ Իմ կարծիքով՝ նրանց բերել էին այդ հավաքների ընթացքում հատուկ գործողություններ անելու համար, սակայն ես հստակ չեմ կարող ասել, թե նրանք կոնկրետ ինչ են արել այդ օրերին։ Նշեմ, որ, ինչպես սկզբնական օրերին, այնպես էլ 2008թ․ մարտի 1-ին, այդ զինվորները իրենց եկած ավտոմեքենաներով, մարտական հանդերձանքներով դուրս են եկել զորամասից, այսինքն՝ ոչ թե սովորական, առօրյա ձևով էին դուրս եկել, այլ, հավանաբար, ինչ-որ առաջադրանքով, քանի որ բոլորով միասին էին դուրս եկել, սակայն չեմ կարող ասել, թե կոնկրետ ուր են գնացել և ինչի համար։ Նշեմ նաև, որ այդ զինվորները իրենց գործողությունների, գտնվելու վայրերի վերաբերյալ ոչինչ չէին խոսում, որ նույնիսկ խոսեին էլ՝ կարող է չհասկանայի նրանց բարբառը։ Կոնկրետ իմ հետ նրանցից ոչ մեկը չի խոսել, ոչինչ չի պատմել, նրանց խոսակցություններն էլ չեմ լսել, միայն սովորական տեսնելուց բարևում էի և անցնում։

Կոնկրետ 2008թ․ մարտի 1-ին, չեմ կարող ասել, թե երբ, ժամը քանիսին և քանի հոգով են դուրս եկել, սակայն նրանք լքել են զորամասի տարածքը, այս պահին չեմ էլ հիշում, թե ինչ ժամանակով են գնացել, սակայն նշեմ, որ ղարաբաղցի զինվորները զորամասի տարածքը խմբակային, այսինքն՝ առաջադրանքով լքելու ժամանակ մշտապես կրել են համազգեստ, քաղաքացիական հագուստներով չեն եղել, կրել են նաև զենք, իմ հիշելով՝ ինքնաձիգ։

Մարտի 1-ի իրադարձություններից հետո այդ անձինք շարունակել են մնալ զորամասում և արդեն ապրիլ ամսվա վերջերին նոր միայն լքել են զորամասի տարածքը՝ այն նույն բեռնատար ավտոմեքենաներով, որոնցով եկել էին այդ զորամաս։ Նշեմ նաև, որ այդ ավտոմեքենաները մշտապես գտնվել են այդ զորամասում, դրանցով էլ ապահովվել է նրանց տեղաշարժը զորամասից դուրս։ Այսքանը․ այս պահին այլ տեղեկատվություն չեմ հիշում, որ հայտնեմ քննությանը, նոր տվյալներ հիշելու դեպքում կհայտնեմ լրացուցիչ։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե կոնկրետ ինչ տեսակի տրանսպորտային միջոցներով էին Ձեր կողմից նշված զինվորականները տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, ինչ տեսակի զենքեր են նրանք ունեցել իրենց մոտ, արդյոք նրանք բոլորն էլ կրո՞ւմ էին զենք, թե՞ ոչ, և նրանք կոնկրետ որ զորամասերից էին ժամանել ՀՀ ՊՆ՝ կենտրոնական հավաքակայան։

Պատասխան- Այդ զինվորները եկել էին զինվորական բեռնատար, պալատկաներով ավտոմեքենաներով, իմ հիշելով՝ հիմնականում «Ուրալ»-ներ էին, կլինեին 20 հատից ավելի, այդ մեքենաները կայանվել էին մեր զորամասի հետնամասում, և միայն զորամասի տարածքը խմբակային լքելուց էին այդ ավտոմեքենաներից օգտվում։ Ես հստակ չեմ տեսել, որ բոլոր զինվորները միաժամանակ զենք կրած լինեին, սակայն նրանք ունեին զենքեր ու, հավանաբար, բոլորն էլ ինքնաձիգերով էին։ Ես տեղյակ չեմ, թե այդ զինվորականները որ զորամասերի ծառայողներ էին և ինչ պաշտոններ էին զբաղեցնում։

Հարց- Ձեր կողմից նշված հաշվառման տետրը, որը վարել եք զինվորականների հատկացված գույքը հաշվառելու նպատակով, որտե՞ղ եք պահել, ո՞ւմ եք հանձնել և ներկայումս այն որտե՞ղ է գտնվում։

Պատասխան- Ես այդ տետրը վարել եմ ինքս ինձ համար, որ վերջում նույն քանակով ապրանքները հետ վերցնեի, Ղարաբաղից եկած զինվորների գնալուց հետո, երբ հետ եմ ընդունել տվածս ապրանքները Ղարաբաղից եկած Մասիսից, այդ տետրը նետել եմ։ Ներկայումս այդ տետրը գոյություն չունի։ Կարծում եմ, որ տեսնելու դեպքում ինչպես Մասիսին, այնպես էլ Միշկային կճանաչեմ, նրանց արտաքինից առանձնապես տվյալներ չեմ մտապահել, սակայն տեսնելու դեպքում կհիշեմ։

Հարց- Կոնկրետ 2008թ․ մարտի 1-ին Դուք որտե՞ղ եք գտնվել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած զինվորականները որտե՞ղ են եղել, ի՞նչ գործողություններ են կատարել։

Պատասխան- Իմ հիշելով՝ մարտի 1-ին գտնվել եմ զորամասում, այդ զինվորականները ևս գտնվում էին զորամասում, սակայն չեմ հիշում, թե կոնկրետ երբ նրանք դուրս եկան զորամասից իրենց ավտոմեքենաներով՝ կոնկրետ հանձնարարությամբ, քանի որ այդպիսի տպավորություն էր, սակայն թե ուր են գնացել և ինչքան ժամանակ անց են վերադարձել՝ տեղյակ չեմ։

Հարց- Ձեր զորամասում բնակվելու ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած զինվորականներին որևէ անձ, այդ թվում նաև պաշտոնատար, զինվորական բարձրաստիճան, այցելե՞լ է, թե՞ ոչ, նրանց երբևէ գումար կամ այլ գույք բաժանվե՞լ է, թե՞ոչ։

Պատասխան- Այս պահին չեմ կարողանում հիշել՝ այդ զինվորականներին մարդիկ այցելել և տեսակցել են, թե ոչ, իսկ գումար և այլ գույք բաժանելու, հատկացնելու վերաբերյալ ես ոչ մի տեղեկություն չունեմ։