Որդուս ցեպի ու խաչի համար էր սպանել համադասարանցին։ Ընդամենը 30 գրամ ոսկու համար տղայիս սպանել է, կոկորդը կտրել, հարվածներ հասցրել նաև կրծքավանդակին, 9 տարի միասին էին սովորել, բայց իրար հետ չեն շփվել, երբևէ որևէ խնդիր չեն ունեցել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց դեկտեմբերի 23-ին Մասիսում սպանված 17-ամյա Էդուարդ Բեգլարյանի մայրը՝ Մարիետտա Զախարյանը։

Զախարյանը պատմելով դեպքի մանրամասները նշեց. «Տղաս իմ ձեռքերի մեջ է մահացել, ես եմ գնացել տեսել իրեն այդ վիճակում, շտապ օգնություն կանչել, տարել հիվանդանոց։ Ինքը տղայիս սրտին, վզին 4-5 անգամ դանակով հարվածել էր, վզնոցը խաչով գողացել ու փախել՝ էրեխուս անօգնական թողնելով։ Նույնիսկ նույն օրը հասցրել էր վաճառել, նոր բռնվել։

Դեպքի օրը զանգել է տղայիս, տղաս Արտաշատի դոսաֆից տուն գալիս է եղել, հետ է կանչել, գնացել են 1-ին դպրոցի հետևը, այնտեղ գորգի չգործող արտադրամաս կա՝ տարել է այդտեղ ու հենց այդտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Երեխես շատ պարզ մաքուր մարդ էր, չի պատկերացրել, որ նման բան կարող է լինել։ Բայց չեմ կարծում, որ մարդասպանը միայնակ է եղել, քանի որ իր հասակը 160սմ է, քաշը 50կգ, իսկ իմ տղայի հասակը 185սմ է, իսկ քաշը 105կգ, ո՞նց կարող էր միայնակ գործել ու հարվածներ հասցնել վզին, կիծքավանդակին։ Տղաս ամռանը զորակոչվելու էր բանակ»։

Էդուարդ Բեգլարյանը քույր և եղբայր ունի՝ եղբայրը14 տարեկան է, քույրը՝ 8։

Սպանված տղայի մայրը նաև նշեց, որ իրենք լսել են, որ «վերևներից» աջակցում են ենթադրյալ մարդասպանին, որպեսզի նրա պատիժը հնարավորինս մեղմ լինի։ Նա նաև նշեց, որ քննիչից հետաքրքրվել է՝ անչափահասների համար ցմահ ազատազրկում չի գործում՝ առավելագույն պատժի չափը 20 տարին է. «Ես ուզում եմ բարձրաձայնեմ, ուզում եմ, որ ավելի խիստ պատիժ սահմանվի, որ իր նմանները չանեն էլ նման բան, որ էլ ոչ մի ծնող չզգա այս ցավը, որ վախենան, չմտածեն 10 տարի կտան, մի 5 տարի կնստեն, համաներմամբ կամ վաղաժամկետ կազատվեն ու հանգիստ կապրեն»։