The New York Times պարբերականը հրապարակել է տեսանյութ, որով, ինչպես նշվում է, երեւում է 2 հրթիռների կողմից Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը խոցելու պահը:

Տեսանյութից պարզ է դառնում, որ սկզբում ինքնաթիռի ուղղությամբ արձակվել է 1 հրթիռ, կես րոպե անց բաց է թողնվել երկրորդը, որից հետո Boing-ը օդում է մնում եւս մի քանի վայրկյան, այնուհետ վառվելով սկսում իջնել:

New York Times -ը գրում է, որ տեսանյութը YouTube-ում է տեղադրվել հունվարի 14-ի գիշերը՝ Իրանի քաղաքացի հանդիսացող օգտատիրոջ կողմից: Տեսանյութը վերցված է Թեհրանի մոտակա Բիդկանե գյուղի մոտակայքի կառույցներից մեկի տանիքին տեղադրված տեսախցիկների տեսագրությունից:

Միաժամանակ Reuters-ը՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը, հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ձերբակալվել է տեսանյութը համացանցում տեղադրած անձը, քննություն է տարվում, որի արդյունքների մասին խոստանում են տեղեկացնել:

Հիշեցնենք, Իրանն իր մեղքը պաշտոնապես խոստովանեց հունվարի 11-ին՝ նշելով, որ Թեհրանում կործանված ուղեւորատար Boeing-ը «մարդկային սխալի հետեւանքով» պատահաբար էր հարվածի տակ առնվել:

Աղետին զոհ դարձավ 176 մարդ, մեծ մասամբ՝ Իրանի, Եվրոպական երկրների եւ Կանադայի քաղաքացիներ:

Իրանում ավելի ուշ պարզաբանեցին, որ ինքնաթիռը շփոթել են թեւավոր հրթիռի հետ: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Իրանում մի շարք զինվորականներ են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով: