Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` գազի գնի թանկացման մասին իրենց ունեցած տեղեկությունը դեռ նույնն է։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ առայժմ գազի թանկացման մասին տեղեկություն չկա։ 

Հայտնել էինք, որ «Գազպրոմ Արմենիան» չի բացառում` գազի սակագինն առաջիկայում կարող է վերանայվել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից  հայտնել էին, որ ընկերությունը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու հարցը։

«Որևէ նոր ինֆորմացիա չկա։ Կարող եմ ասել այն, ինչ հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի հետ կապված այժմ քննարկումներ են գնում»,–ասաց Սիմոյանը։

Նրա խոսքով` գազի սակագնի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները դեռևս նույնն են։

 Հիշեցնենք` 2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար է։

 2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևա սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

Նշենք, որ գազը 1000 խմ դիմաց սպառողին հասնում է գրեթե 290 դոլարով։