Հայաստանի Հանրապետություն թերթը գրում է. «Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադառնալիս առիթ ունեցել ենք գրելու, որ զարգացած շատ երկրներում սննդամթերքի ոլորտում համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն է կիրառվում (խոսքը արտոնյալ դրույքաչափերի մասին է), որ հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովվի:

Հիմա որպեսզի եւ՛ այս մատչելիությունն ապահովվի, եւ՛ արտահանման, ե՛ւ ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալներն ավելանան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է համապատասխան առաջարկով հանդես գալ եւ հարկային օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծ է մշակել:

Խոսքն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցման մասին է: Դիտարկվել են Լատվիայի եւ Ֆինլանդիայի փորձերը:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից:

Այսպիսով, ԱԱՀ-ն նախատեսում են 20 տոկոսից 7-ի հասցնել: «Ապրանքախմբերի ցանկը դեռ վերջնական չկա, բայց ԱԱՀ-ի իջեցումը ուզում ենք տարածել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Խոսքն, օրինակ, հացամթերքին, ձկնամթերքին, մսամթերքին, բուսայական յուղին է առնչվում»,-ասաց բանախոսը: