hraparak.am-ը գրում է. «Ըստ Քննչական կոմիտեի՝ Կուտոյանի դին հունվարի 17-ին հայտնաբերվել է Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Բազմաբնակարան շենքերի բնակարանների վիճակը գիտեք, երբ կոշիկով քայլում ես, հարևանդ զանգում է՝ չե՞ք կարող մի քիչ հանգիստ քայլել։

ՔԿ ձեռք բերած տվյալներով 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին ։ Ատրճանակը Կուտոյանի անձնական զենքն էր։ Այն պարգևատրման կարգով նրան էր նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Մամուլում շատ է բարձրաձայնվում, շատ են անդրադառնում՝ զենքին ամրակցվա՞ծ էր խլացուցիչ։ Շատերն են բարձրաձայնում՝ 35 կրակոց, լավ, բա հարևանները ուղտի ականջում քնա՞ծ էին, մի ձայն չլսվե՞ց․․․ Բնական է, որ այդ հարցը պիտի առաջանար և պատկան մարմինները, որոնք շեշտում են, թե հանրության համար բաց ու թափանցիկ պիտի լինի այդ քննությունը, պետք է սկսեին այդ կետից։

Ի սկզբանե անվստահության տարրեր չպիտի մնա մարդկանց պատկերացման մեջ։ Ինձ մոտ էլ այդ հարցը առաջացավ, ու ես սկսեցի զենքի մասին տվյալներ իմանալուց։

Կոնկրետ հետաքրքիր էր՝ զենքի վրա խլացուցիչ ամրակցվա՞ծ է եղել։ Ու հենց այդ մասը սկսեցի ուսումնասիրել, ընդհանուր պատկերացում կազմելով ատրճանակի մասին։ Գլոք, «Glock Ges.m.b.H» ընկերության Ավստրիայի զինված ուժերի պահանջների համար նախագծած և արտադրվող՝ կարճ հետահարումով, կողպվող փակաղակով, պոլիմերային կմախքով կիսաավտոմատ ատրճանակների շարք է։ Գլոքը ընկերության առաջին նախագիծն է եղել։ Արդյունքը եղել է հաջող և հարմար կիրառման համար, և արդյունքում 1982 թվականից ընդգրկվել է ավստրիական բանակի և ռազմական ոստիկանության սպառազինության մեջ՝ Р80 անվանումով։

Հետագայում, Գլոք ընկերության ատրճանակները հայտնի են դարձել իրենց մարտական որակների պատճառով։ Զենքը հուսալիության և անվտանգության փորձարկումներ է անցել և լայն տարածում է ստացել աշխարհով մեկ։ Այժմ գոյություն ունեն ատրճանակի շատ տարբերակներ, որոնք օգտագործում են տարբեր փամփուշտներ։ Glock 34 (Գլոկ 34), Glock ընկերության ինքնալիցքավորվող ատրճանակ, որը արտադրվում է 1998 թվականից: Հանդիսանում է Glock 17 ատրճանակի վաճառքի հանելու տարբերակը: Glock 17 ատրճանակից տարբերվում է հիմնականում փողի երկարությամբ և փակաղակի պատյանի վերին հատվածում առկա կտրվածքով:

Այս ատրճանակները ունեն մի առանձնահատկություն՝ ավստրիական Fischer Development ընկերությունը մշակել է հատուկ խլացուցիչներ Glock եւ H&K ատրճանակների համար, որոնք ամրանում են զենքին տեղադրման նշաձողի միջոցով: Այս խլացուցիչը ունի բավականին հետաքրքիր ուղղանկյուն դիզայն և այն դեռ ցուցադրվել է մի քանի տարի առաջ թեմատիկ ցուցահանդեսներում: Թեեւ նման տեղադրումը չի երաշխավորում լիարժեք ձայնամեկուսացում, բայց այն ունի իր առավելությունները, ինչպիսիք են արագ ամրացումը, որը չի պահանջում զենքի փոփոխություն: Ելնելով պաշտոնական տեսանյութից (ըստ weaponcast.com-ի՝ ), կրակոցի ձայնը զգալիորեն նվազում է, իսկ կորպուսի նեղացված ձևը թույլ է տալիս օգտագործել սեփական թիրախային համալիրը:

Ու քանի որ և՛ դեկտեմբերի վերջերի, և՛ հունվարի 17-ի կրակոցները կատարվել են նշաձողին ամրացված նույն խլացուցիչի ձայնամեկուսացմամբ, որի մասին չի խոսվում, մի փոքրիկ հարց, որը հավանաբար շատերին է կհետաքրքրի՝ իր տեղո՞ւմ է Կուտոյանի ատրճանակի նշաձողին ամրացված խլացուցիչը․․․ 35 անկանոն կրակոցի
լիակատար ձայնամեկուսացման փաստը զուտ տեխնիկական առումով ցնցող է՝ բազմաբնակարան շենքում։ Մանավանդ , երբ, ըստ պաշտոնական տեսանյութի, ասվում է, որ «Թեեւ նման տեղադրումը չի երաշխավորում լիարժեք ձայնամեկուսացում․․․»: