Նախորդ տարի երեւանյան մենահամերգից առաջ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ծանր շրջան է ունեցել։ Երգչուհին Instagram-յան հրապարակմամբ հայտնել է առողջական խնդրի մասին, որը կապված է եղել ձայնալարերի հետ։

«Երեւանյան մենահամերգիցս առաջ ծանր մի էտապ ունեցա, որի մասին ուզում եմ ձեզ պատմել:
Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ, սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս (հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի): Դե իհարկե, այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել:

Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում քան սովորաբար, եւ ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը (ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր):
Անկեղծ ասած՝ ճառագայթները եւ նման պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, եւ համերգից մի քանի օր առաջ բժիշկներն ինձ ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ (իսկ իմ ծրագիրը տեւում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:

Պիտի որոշում կայացնեի՝ կա՛մ լսել բժիշկներին, կա՛մ սրտիս ձայնին, որն ինձ հուշում էր, որ հենց տեսնեմ երկրպագուներիս, մի հրաշքով կարողանալու եմ երգել: Ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ: Հ.Գ. Այդ օրն ինձ պատեց ձեր սերը, որը բուժիչ հատկություն ունի: Ես հավատում եմ օդի միջոցով սիրով վարակվելու թեզին...»,- գրել է երգչուհին՝ համերգից որոշ հատվածներ հրապարակելով։