Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեկնաբանելով Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունները, հիշեցրել է, թե ինչ տեղի ունեցավ իր եւ իր կուսակցության հետ 2015 թվականին: Նա նշել է, որ այն ժամանակ կիսանախագահական համակարգն ուզում էին փոխարինել խորհրդարանականով, իսկ ինքն ասում էր, որ պատերազմող երկրում չի կարելի այդպես անել: «Կալանավորվեցին 635 իմ ակտիվստիներից մեկ օրվա մեջ, որ ես ասացի՝ եթե այդպես է, ես կարող եմ քաղաքական էջը ծալել, խնդիր չկա: Միայն թե բոլորին բաց թողեք», – ասել է նա:

Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Այն քննադատվեց որոշ ուժերի կողմից, որոնց թվում էր Ծառուկյանը: Բայց 2015 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ջախջախիչ հարված հասցրեց Ծառուկյանին՝ ստիպելով նրան «հեռանալ քաղաքականությունից»: Փետրվարի 17-ին Սարգսյանն ու Ծառուկյանը Դաշնակցության միջնորդությամբ հանդիպեցին ու «հրադադար» կնքեցին: Արդյունքում Ծառուկյանը հրաժարվեց մասնակցել փետրվարի 20-ին նշանակված ընդդիմության հանրահավաքին:

Մեծ հաշվով, հենց դա որոշեց սահմանադրական փոփոխությունների ելքը, քանի որ մարդկանց փողոց դուրս բերելու ամենամեծ ներուժը Ծառուկյանն ուներ: Նրա հրաժարվելուց հետո ցույցերը սահմանափակվեցին փոքրաթիվ ակցիաներով, որոնք հեշտությամբ վերահսկվում էին: Արդյունքում հանրաքվեն տեղի ունեցավ:

Ինքը՝ Ծառուկյանը, նշել է, որ Սարգսյանի կոշտ հայտարարություններն իր մասին պայմանավորված էին այն բանով, որ ինքը հրաժարվել էր Սահմանադրության փոփոխությունից հետո զբաղեցնել նախագահի պաշտոնը:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր առաջադրել Ծառուկյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում, բայց վերջինս հրաժարվել է:

Իսկ ի՞նչ էր ուզում Ծառուկյանը եւ ինչու՞ էր պետք պատերազմել Սերժ Սարգսյանի հետ: Միգուցե իր համար չէր «պատերազմում»: Եթե Սահմանադրությունն այն ժամանակ չփոխեին, 2018 թվականի մարտին հերթական նախագահական ընտրություններ կկայանային, որին Սերժ Սարգսյանն արդեն չէր կարողանա մասնակցել: Ո՞վ էր պարտաստվում 2018 թվականին իր ձեռքը վերցնել ղեկը եւ ու՞մ պլաններին է խանգարել սահմանադրական բարեփոխումը: Դժվար չէ կռահելը, ինչպես նաեւ այն, ինչը Սերժ Սարգսյանը Ծառուկյանին մատչելի բացատրեց:

Այժմ՝ Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց, նորից խոսում են սահմանադրական բարեփոխումների մասին, եւ չնայած հայեցակարգը դեռ չի հրապարակվել, չի բացառվում, որ կարող է վերադարձ լինել կառավարման կիսանախագահական համակարգի: Նիկոլ Փաշինյանը նման մտադրություն ունի՞: Եթե այո, ապա Գագիկ Ծառուկյանը նրան զգուշացնում է, որ հիմա Փաշինյանի համար առավել «վտանգավոր» մրցակիցները սահմանափակված են այն բանով, որ ազդեցիկ կուսակցություն չունեն եւ անգամ չեն կարող խորհրդարան մտնել: Եթե հրաժարվեն խորհրդարանական համակարգից ու վերադառնան նախագահի ուղիղ ընտրություններին, կուսակցության խոչընդոտը կդադարի գործելուց: Ի վերջո, մեկ մարդուն ավելի հեշտ է առաջ տանել, քան մի ամբողջ կուսակցության:

Ծառուկյանը, որը 2015 թվականին իր կողմնակիցներին դուրս բերեց խաղից, նույնն այս անգամ է անում: Բայց նա չի կարող երաշխավորել նրանց համար, ովքեր սպասում են վերադարձի նախագահական համակարգի:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am