Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Իսկ գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյան անվամբ մեկի գրառման պատկերը, որում վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանից հետո հաջորդն ինքն է լինելու: