Քննչական կոմիտեն տարածել է տեղեկություն, ըստ որի Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա չի հայտնաբերվել խլացուցիչ: Կոմիտեի խոսնակն ասել է նաեւ, որ ներկայում պարզվում է, թե արդյոք դեպքից մի քանի օր առաջ նույն բնակարանում Կուտոյանի արձակած մի քանի տասնյակ կրակոցը արվել է խլացուցիչով:

Ինչպես հայտնի է, ՔԿ-ն ավելի վաղ տարածել էր տեղեկություն, որ դեպքից երկու-երեք օր առաջ Կուտոյանը նույն բնակարանում կատարել է մի քանի տասնյակ անկանոն կրակոց, ինչից հետո կնոջը հորդորել է հավաքել պարկուճները: Ըստ ամենայնի, ՔԿ-ին այդ տեղեկությունը փոխանցել է Կուտոյանի կինը:

Բազմաբնակարան շենքում մի քանի տասնյակ կրակոցը մեղմ ասած պետք է գրավեր որեւէ մեկի ուշադրությունը եւ թերեւս արժանանար որեւէ արձագանքի: Մինչդեռ, բնակարանում մի քանի տասնյակ կրակոցի մասին հայտնի է դառնում միայն օրեր անց տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո: Կարո՞ղ է արդյոք դա նշանակել, որ ԱԱԾ նախկին պետն այդ կրակոցները արձակել էր խլացուցիչով: Համենայն դեպս, դրանից էլ կարող է առաջանալ մյուս հարցը՝ ինչու՞ խլացուցիչ չի օգտագործել օրեր անց ինքնասպանության դիմելիս:

Իհարկե դրանք ընդամենը հնարավոր հարցեր են, որովհետեւ չկա փաստ, պնդման հիմք, որ մի քանի տասնյակ կրակոցը ԱԱԾ նախկին պետը արձակել էր խլացուցիչով: Միգուցե ձայները լսվել են, բայց լսողներից որեւէ մեկը չի փորձել ահազանգել որեւէ կառույցի:

Այդպիսով, Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա ատրճանակի վրա խլացուցիչի բացակայությունը գոնե առայժմ առեղծվածային է: Արդյոք որեւէ մեկը տարել է խլացուցիչը, մինչ հարազատները կհայտնաբերեին ԱԱԾ նախկին պետի դին: Եթե խլացուցիչ չի եղել, արդյոք խլացուցիչ չի եղել նաեւ նույն բնակարանում մի քանի օր առաջ մի քանի տասնյակ կրակոցի պարագայում: Թեեւ, հնարավոր է իհարկե, որ տասնյակ կրակոցները նա կարող էր արձակել խլացուցիչով, ավելորդ ուշադրություն չգրավելու համար, իսկ մի քանի օր անց ճակատագրական որոշման պարագայում այլեւս չմտածել այդ մասին:

  Նյութի աղբյուրը՝ Lragir.am