Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում BMW մակնիշի 36 PR 509 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Ըստ ականատեսների՝ նա 28 տարեկան էր, բնակվում էր Բյուրեղավանում և Բուժականում գտնվող իր նշանածի տանից վերադառնում էր Բյուրեղավան: