ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մի քանի օր առաջ այցելել է Երեւանի Թբիլիսյան խճուղու վերջնամասում՝ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայան, որտեղ հանդիպել է հսկիչ-դրամարկղային կտրոն չտպելու դեպքի: Այդ մասին Պողոսյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ իր մատնանշած բենզալցակայանը երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում եւ չի տրամադրել։

Պատգամավորը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքն անձամբ իր հետ է եղել. «Ինձ հետ են եղել պատգամավոր Արփի Դավոյանը եւ մեր ընկեր Վիլեն Գաբրիելյանը: Գաբրիելյանի մեքենայով էինք, 10 հազար դրամի բենզին լցրեցինք, սակայն ՀԴՄ կտրոն չտրամադրեցին»:

Հարցին՝ բենզալցակայանի աշխատակիցները չեն էլ առաջարկե՞լ կտրոն տրամադրել, Պողոսյանը պատասխանեց. «Ո՛չ առաջարկել են, ո՛չ տվել են, ո՛չ էլ արձագանքել են, անգամ մտքներով էլ չանցավ»: Պատգամավորը նշեց, որ իրենք հատուկ ՀԴՄ կտրոն չեն պահանջել, որպեսզի դրա վերաբերյալ հաղորդում ներկայացնեն ՊԵԿ:

«Ասեմ, որ սա առաջին դեպքը չէ: Ես Պտղնի գյուղում եմ ապրում՝ լինում են պահեր, որ հասնում եմ այդ տարածք, մեքենայիս մեջ բենզին չի լինում եւ իրենց բենզալցակայանից եմ լցնում: Նրանք երբեք ՀԴՄ կտրոն չեն տալիս, նույնիսկ երբ գալիս եմ պատգամավորական համարանիշներով: Ես նախազգուշացրել էի, որ իրենք ՀԴՄ տան, սակայն այդ նախազգուշացումն էլ չի ազդել»,- ասաց նա:

ՀՀ հարկային ծառայության մասին օրենքով սահմանված է, որ խախտում կարող է արձանագրել միայն հարկային մարմինը: Հետեւաբար վերոնշյալ դեպքում Պողոսյանի ահազանգը միայն հիմք կարող է հանդիսանալ, որ ՊԵԿ-ը ստուգում իրականացնի տվյալ տնտեսվարողի մոտ: Եվ եթե այդ ստուգման ժամանակ տնտեսվարողը դարձյալ կտրոն չտրամադրի, ապա այդ պարագայում ՊԵԿ-ը կարող է տուգանել տարվա ընթացքում առաջին խախտման համար 150 հազար դրամ, երկրորդ խախտման համար՝ 300 հազար դրամ: Նշենք նաեւ, որ այդ բացը լրացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ ՀՀ կառավարության նիստում ՊԵԿ նախագահին առաջարկել էր համապատասխան օրենսդրական կարգավորում անել, որ քաղաքացիների տեսագրությունների հիման վրա ՊԵԿ-ը կարողանա ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսվարողների նկատմամբ վարույթ իրականացնել: Քանի որ, ըստ էության, առանց համապատասխան ապացույցի քաղաքացին հնարավորություն չունի ապացուցելու, որ գնում է կատարել եւ իրեն կտրոն չեն տրամադրել:

Օրենսդրական բացի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ասաց. «Ես պատրաստ եմ համապատասխան օրենսդրական նախագիծ բերել Ազգային ժողով եւ խնդրել ու հորդորել ընկերներիս, որպեսզի այդ օրենսդրական փոփոխությունն անեն: Եթե ՊԵԿ-ի մոտ տարիներ շարունակ խնդիր կա, իրենք դրա մասին գիտեն եւ չեն նախաձեռնում որեւէ բան՝ այդ օրենսդրական բացը լրացնելու համար, ապա թող հիմա գան օրենսդրական փաթեթով, ես անձամբ դա կտանեմ Ազգային ժողով»:

Պատգամավորի կարծիքով՝ ՊԵԿ-ը 2 տարվա մեջ բավական ժամանակ ուներ այդ բացը լրացնելու ու այդ օրենսդրական բացի փաստարկով չարդարանալու համար:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում, որ այդ բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, Պողոսյանը պատասխանեց. «Ես ինչ տեսել եմ, դա փաստել եմ: Թե ինչո՞ւ մարդիկ չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, պարզից էլ պարզ է, որպեսզի թաքցնեն եկամուտները: Իսկ ինչո՞ւ են թաքցնում, գուցե իրենց վառելիքի մեծ մասը Հայաստան է մտնում ոչ օրինական ճանապարհով, չի գրանցվում, ու հետեւաբար, եթե նրանք ընդհանուրի համար ՀԴՄ կտրոն տպեն, իրենց մոտ ավելցուկ կլինի, քանի որ ներմուծվել է ավելի քիչ, քան վաճառվել է: Սա իհարկե զուտ իմ տրամաբանությամբ է, ու կարծում եմ, որ ՊԵԿ-ն այդ ուղղությամբ պետք է աշխատի»:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է ակնկալում այս պարագայում, արդյոք, եթե խախտում հայտնաբերվի ու տուգանք նշանակվի, բենզալցակայանը կսկսի՞ օրինական աշխատել, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դա կսթափեցնի նրանց, թե ոչ, բայց ուզում եմ, որ ՊԵԿ-ը ճիշտ աշխատի: Ես ուզում եմ, որ ՀՀ-ում հարկեր չթաքցվեն, քանի որ ամեն թաքցված հարկ մի բժշկի, մի ուսուցչի, մի զինվորականի աշխատավարձ է»:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մկրտչյանը ՀԺ-ին ասաց, որ ընդունել են Պողոսյանի հրապարակային հաղորդումը՝ «Մուլտի» բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ, եւ այն ուղարկվել է համապատասխան բաժնի աշխատակիցներին՝ ընթացք տալու համար:

ՀԺ-ն Մկրտչյանից հետաքրքրվեց նաեւ, թե 2019-ին վերոնշյալ բենզալցակայանում ստուգումներ անցկացվե՞լ են, ի պատասխան՝ նա նշեց. «ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի առանձին պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով 2019 թվականի ընթացքում տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ երկու անգամ իրականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներ, որոնցից մեկի արդյունքում խախտում չի արձանագրվել, իսկ մյուսի դեպքում արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության խախտում եւ առաջադրվել է տուգանք՝ 150 հազար դրամի չափով»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր զրույցում ասաց, թե ծանոթ է Պողոսյանի գրառմանը: «Ես հորդորում եմ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելու հաշվին իրենց գրառման համար լայքեր կամ կայքերում զետեղումներ ապահովելու գործելաոճից զերծ մնալ»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով «Մուլտի» գազալցակայանում ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքին՝ Իվետա Տոնոյանը խորհուրդ տվեց դրա համար դիմել «Մուլտի գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ՀԺ-ն մի քանի անգամ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Մուլտի գրուպ»-ի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: